06:49 | 12.05.16 | Նորություններ | 2598
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում՝ Գեւորգյանների կիսակառույց տան շինարարությամբ:
Սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է:
«Այսօր առանձնահատուկ օր է. շարունակում ենք հաջողված համագործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը: Սա եւ՛ հաճելի է, եւ՛ մտահոգիչ: Եթե հարցին նայենք դրական տեսանկյունից՝ ուրախալի է, քանի որ կարեւոր խնդիր է լուծվում 100-րդ ընտանիքի համար: Մտահոգիչ է սակայն այն փաստը, որ դեռեւս կան տանիքի խնդիր ունեցող ընտանիքներ: Նրանց աջակցելն անհրաժեշտ է: Միայն այդպես մեզ կհաջողվի լուծել եղած խնդիրները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Բարի ավանդույթ է դարձել մեր ամենամեծ նվիրատուի եւ լավագույն գործընկերոջ հետ աշխատելը: Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարելու բնակարանաշինության համար (2015թ-ին ՝ 100 մլն. էր): Դա քառասունմեկ հայ ընտանիքի համար, կյանքի նոր փուլի սկիզբ է»,-ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 93 ընտանիքի: Այս տարի այդ թիվը կհամալրվի եւս 41-ով եւ մինչեւ տարեվերջ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի: