09:40 | 14.04.16 | Նորություններ | 4209
Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության հայտերի գրանցումը:
Առաջնությունն անցկացվում է 2011-ից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Օրանժ Արմենիա» ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով:
«Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվում է 3 փուլով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված համակարգչային եւ բջջային խաղերը, ապա փուլ առ փուլ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ զարգացնում դրանք:
Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի ստեղծման ոլորտի հայաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:
«Մեր ընկերությունը մշտապես կարեւորել է նոր սերնդի կրթական զագացման աջակցությունը եւ տարիների ընթացքում մեծ ներդրում է կատարել թե´ ՏՏ ոլորտի զարգացման, թե´ այդ ոլորտում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ: ԻՏՁՄ-ի հետ համագործակցությամբ հիմնել ենք ինժեներական լաբորատորիաներ ինչպես երեւանյան, այնպես էլ մարզային, նաեւ՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներում: «Բաց խաղ» առաջնությունն այս համագործակցության տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծրագրավորման եւ կոդավորման ոլորտում բացահայտել եւ զարգացնել մեր երիտասարդ սերնդի ներուժը, որը հետագայում հիմք կծառայի խաղերի նախագծման ոլորտի զարգացմանը, բացի այդ հնարավորություն կընձեռի ձեռք բերված կոդավորման հմտությունները հետագայում գործածել նաեւ այլ բնագավառներում», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտը եւ այլ մանրամասներ ներկայացված են http://www.opengame.am կայքում:
Երկու տարի է՝ մրցույթի գործընկերն է Huawei ընկերությունը: