07:30 | 12.04.16 | Հոդվածներ | exclusive 13975

Գործարկվել է Playland Armenia առցանց խաղահրապարակը

Գործարկվել է Playland Armenia խաղը, որի նպատակն է դառնալ աշխարհի հայ մանուկների համար կրթական եւ ժամանցային բնույթ ունեցող առաջին անվճար խաղային հարթակը:

Հասանելի են խաղի Android, iOS տարբերակները, ինչպես նաեւ Mac տարբերակը: Առցանց խաղահրապարակը ստեղծել է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ:

Itel.am-ի հետ զրույցում ընկերության PR մենեջեր Գայանե Ղանդիլյանը նշել է, որ 16 խաղերից բաղկացած անվճար հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել եւ շփվել միմյանց հետ թվային խաղահրապարակում:


«5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն եւ մշակույթը: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցների հետ»,- պատմել է Գայանե Ղանդիլյանը:

Նրա խոսքով՝ խաղը ստեղծվել է մեկ տարվա աշխատանքի արդյունքում:



««Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության թիմը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ցանկանում էր աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ հարթակում՝ հայկական լեզուն, մշակույթը եւ գաղափարները ուսուցանելու եւ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու նպատակով»,- նշել է նա:

Գայանե Ղանդիլյանը նշել է, որ երեխաների համար հարթակում առցանց անվտանգության բարձր մակարդակ է գործում: Երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա եւ նկարներ, իսկ նամակներ հնարավոր է գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից եւ նախադասություններից:



«Սա ոչ միայն խաղերի հարթակ է, այլեւ հրաշալի ուղեցույց Սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայ ծնողների համար, որոնք ուզում են իրենց երեխաների ժամանցը համատեղել հայոց լեզվի եւ մշակութային տարրերի ուսուցման հետ: Բացի այբուբեն, թվեր, բառեր, գույներ եւ հեքիաթներ ուսուցանող խաղերից, ծնողներին տրամադրվում են աշխատանքային նյութեր, «ներկիր ինքդ» ոճի գրքեր, սեղանի քարտեր, բառախաղեր եւ մի շարք այլ ինտելեկտուալ խաղեր եւ վարժություններ»,- եզրափակել է Գայանե Ղանդիլյանը:

Playland Armenia-ի նախնական համակարգչային տարբերակը ներկայացվել էր հանրությանը դեռեւս հոկտեմբերին՝ Դիջիթեք Էքսպոյի շրջանակում: Այնուհետեւ խաղը հաղթող էր ճանաչվել Հայաստանի Բաց Խաղ Առաջնության միանգամից երկու անվանակարգերում՝ լավագույն 2D խաղ եւ լավագույն դիզայն: 

Նարինե Դանեղյան