08:14 | 08.04.16 | Հոդվածներ | exclusive 182638

Яндекс.Такси-ն գալիս է Հայաստան

Яндекс.Такси-ն առաջիկայում մուտք կգործի հայաստանյան շուկա:

Այս մասին Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայան:

Նա նշել է, որ ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է աշխարհագրությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով նաեւ ԱՊՀ երկրները: 

«Ծառայությունները մատուցվելու են անմիջապես մեր կողմից, դրանց մեկնարկը նախատեսվեծ է մոտ 1 ամսից:  Սկզբնական շրջանում մեր ծառայությունը կգործարկենք միայն Երեւանում, իսկ հետագայում նախատեսում ենք ներառել այլ քաղաքներ»,- նշել է Էլինա Ստավիսկայան:

Նրա խոսքով՝ Яндекс.Такси-ն նվազագույնի է հասցնում ավտոմեքենայի` հաճախորդին մոտենալու ժամանակահատվածը, ինչպես նաեւ առանց ուղեւորի վազքը եւ վառելիքի ծախսը:

«Մոսկվայում Яндекс.Такси-ն հաճախորդին է մոտենում ընդամենը 4 րոպեում՝ դա ռեկորդային ցուցանիշ է ՌԴ մայրաքաղաքի համար»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է շուկայում գործող օնլայն ծառայություններին, ապա Էլինա Ստավիսկայան նշել է, որ դիտարկում են դրանք գնելու հնարավորությունը:



«Սկզբնական փուլում կառաջարկենք «էկոնոմ» եւ «կոմֆորտ» դասի ավտոմեքենաներ: Ժամանակի ընթացքում կընդլայնենք տեսականին: Մոսկվայում, օրինակ, Яндекс.Такси-ով կարելի է պատվիրել մինիվեն, մանկական աթոռով կամ հեծանիվ տեղափոխելու հարմարությունով ավտոմեքենաներ»,- նշել է Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավարը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Яндекс.Такси-ի ինտերֆեյսը պարտադիր թարգմանվելու է հայերեն, ինչպես նաեւ ստեղծվելու է հաճախորդների եւ վարորդների աջակցության ծառայություն՝ հայերենով: Սակայն մեկնարկային փուլում հավելվածը կլինի ռուսերեն եւ անգլերեն:

«Անկանխիկ վճարման հնարավորությունը մեր աշխատանքի կարեւորագույն մասն է, որը ծառայությունը դարձնում է հարմար, իսկ վճարումները`թափանցիկ: Մեկ անգամ փոխկապակցելով բանկային քարտը մեր ծառայությանը` ուղեւորն այլեւս կարիք չի ունենա ներկայացնել այն ուղեւորության ընթացքում: Հաշվիչի գումարը դուրս է գրվում ավտոմատ կերպով: Մենք ցանկանում ենք գործարկել ծառայությունը՝ միանգամից քարտով վճարում կատարելու հնարավորությամբ»,- հավելել է Էլինա Ստավիսկայան:

Օնլայն տաքսի ծառայությունների հայաստանյան շուկայի գործող ընկերություններից են gg-ն, MobiTaxi-ն, TaxoLine-ը:

Ամբողջական հոդվածը հասանելի է այստեղ: