11:17 | 24.03.16 | Նորություններ | 4113
Այսօր Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) եւ «Յուքոմ» ընկերությունը հայտարարել են ՀՀ մարզերում իրականացվող ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու 2016թ. ծրագրի մեկնարկը:
Ընկերությունում նշել են, որ «Յուքոմ»-ը շարունակում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում ՀԱՆ-ի հետ համագործակցությունը, որ 2011-ից սկսվել էր Orange Հիմնադրամի հետ:
Այս տարի ակնաբուժական անվճար ծառայություններից կօգտվեն Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Արմավիրի բնակիչները:
«Մեր կազմակերպության առաքելությունն ենք համարում օգտակար լինել մեր հայրենակիցներին, աջակցել կայուն եւ ապահով հասարակության ձեւավորմանը, կրթել առողջ եւ զարգացած սերունդ եւ ստեղծել հետագա զարգացման հնարավորություններ: Այս ծրագիրն այն յուրահատուկ նախաձեռնություններից է, որոնք ունենում են բացառապես դրական ազդեցություն եւ հիմնովին փոխում մարդկյանց կյանքն ու ապրելակերպը: Ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար եւ վստահ եմ, որ այն կլինի շարունակական»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Այժմ Արարատի մարզում տեղի ակնաբույժներն իրականացնում են ակնային զննումներ:
Աչքի շարժական հիվանդանոցն այս տարի իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մասիս քաղաքից, որտեղ կկայանի ապրիլի 4-16-ը, այնուհետեւ ապրիլի 18-ից 30-ը կուղեւորվի Արտաշատ, իսկ մայիսի 2-14-ը կլինի Արարատում: Հաջորդը Վայոց Ձորի մարզն է: