13:44 | 23.03.16 | Նորություններ | 4029

Մայքրոսոֆթը ՀՀ դպրոցներում նորարար լուծումներ է ներդնում

Մայքրոսոֆթ Հայաստանը սկսում է «Թվային դարաշրջանի դպրոցներ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի տարրական դպրոցներ կներմուծվեն ամենանորարար լուծումները:

Ծրագրի շրջանակում այսօր Նորագավիթի թիվ 98 դպրոցի 75 առաջին դասարանցի ստացել է Windows 10 սարքավորումներ, որոնք կարելի է օգտագործել ինչպես որպես թաբլեթ, այնպես էլ դյուրակիր համակարգիչ։ Սարքավորումները հատուկ ստեղծված են կրթական նպատակով կիրառելու համար, ջրակայուն եւ հարվածակայուն են:

Մայքրոսոֆթ Հայաստանում նշել են, որ բոլոր սարքավորումները հիմնված են Windows 10 օպերացիոն համակարգի վրա եւ ներառում են ստանդարտ կրթական փաթեթ Intel-ի կողմից, Unicomp-ի մշակմամբ, ինչպես նաեւ ուսումնական ծրագրեր՝ երեխաների համար։

Սարքերը ներառում են նաեւ Microsoft Office 365-ի անվճար լիցենզիա յուրաքանչյուր աշակերտի եւ ուսուցչի համար։ Office 365-ը Microsoft Office փաթեթի ցանցային տարբերակն է՝ արդյունաբերական մակարդակի կիրառությունների համար։

Ծրագիրը թույլ կտա ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողներին առավել արդյունավետ շփվել եւ համագործակցել միմյանց հետ, իսկ աշակերտներին՝ ունենալ հեռահար հասանելիություն լսարանին, օգտագործել ընդհանուր գրատախտակը, աշխատել տնային առաջադրանքների վրա։

«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի աշակերտներին՝ զարգացնելու իրենց ունակությունները եւ դառնալու մրցունակ՝ արագորեն գլոբալիզացվող շուկայի պայմաններում։ Windows ՕՀ-ով աշխատող սարքավորումները ժամանակակից հասարակության մեջ կիրառվում են ամենուրեք, ուստի շատ կարեւոր է աշակերտների համար ստեղծել հնարավորություն՝ քայլելու իրենց եվրոպացի եւ ամերիկացի ընկերներին համընթաց», - նշել է Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը։