12:37 | 23.03.16 | Նորություններ | exclusive 5172

Նուբար Աֆեյանը՝ «միլիարդանոց» ստարտափների էմիգրանտ հիմնադիրների թվում

ԱՄՆ-ում գործող «միլիարդ դոլարանոց» ստարտափների էմիգրանտ հիմնադիրների ծագման երկրների ցանկում ներկայացված է նաեւ Հայաստանը՝ ամերիկահայ վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանի միջոցով:

Ամերիկահայ գործարարն իր ղեկավարած Flagship Ventures ընկերության միջոցով Moderna Therapeutics եւ 37 այլ ընկերությունների համահիմնադիրն է:

Ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամի (National Foundation for American Policy) հրապարակած «Էմիգրանտները եւ միլիարդ դոլարանոց ստարտափները» հետազոտության համաձայն՝ ամենամեծ թվով թանկ ստարտափները ԱՄՆ-ում հիմնել են հնդիկները (14 ): Նրանց 8-ական ներկայացուցչով հաջորդում են Կանադան եւ Մեծ Բրիտանիան: Իսրայելն ունի 7, Գերմանիան՝ 4, Չինաստանը՝ 3 ներկայացուցիչ:

Հետազոտության հեղինակ Ստյուարտ Անդերսոնը փաստում է, որ 1 մլրդ դոլար եւ ավելի արժողությամբ ամերիկյան ստարտափների (87-ից 44-ը) կեսից ավելին ստեղծվել է էմիգրանտների կողմից:
 


87 ընկերություններից 62-ում էմիգրանտների թիվը կազմում է մենեջմենթի եւ պրոդուկտի մշակման թիմերի 70%-ը:

ԱՄՆ-ում «միլիարդանոց» ստարտափների շրջանում էմիգրանտ հիմնադիրները յուրաքանչյուր ընկերությունում միջինում 760 աշխատատեղ են ստեղծել:

Էմիգրանտների հիմնադրած «միլիարդանոց» 44 ընկերությունների ընդհանուր արժեքը գնահատվում է $168 մլրդ: 87 ընկերություններից 44-ը (51%) ունեցել է ամենաքիչը մեկ էմիգրանտ հիմնադիր:

87 ընկերությունից 62-ը (71%) ունեցել է 1 էմիգրանտ աշխատակից, որն օգնել է ընկերությանը աճել՝ ստանձնելով մենեջմենթի կամ պրոդուկտի մշակման այնպիսի պաշտոն, ինչպիսիք են գլխավոր տեխնիկական տնօրենը, գլխավոր գործադիր տնօրենը, մշակման գծով փոխտնօրենը:

էմիգրանտ հիմնադիր ունեցող «միլիարդանոց» ընկերությունների շրջանում աշխատակիցների թվով առաջատարը Էլոն Մասկի SpaceX-ն է (4 000 աշխատակից), Mu Sigma-ն (3 500 աշխատակից) եւ Palantir Technologies-ը (2 000 աշխատակից):



Զեկույցում նշվում են Uber-ի, SpaceX-ի եւ մի քանի այլ հաջողակ ընկերությունների օրինակները. «էմիգրանտ հիմնադիրներ ունեցող ընկերությունները ստեղծել են բազմաթիվ օգտակար պրոդուկտներ եւ ծառայություններ՝ հօգուտ ամերիկացի սպառողների՝ ամերիկյան ընկերությունները դարձնելով ավելի պրոդուկտիվ»: 

«Միլիարդանոց» 87 ստարտափներից 20-ը ունեցել է հիմնադիր, որն առաջին անգամ ԱՄՆ մուտք է գործել որպես արտասահմանցի ուսանող:

Զեկույցի համաձայն՝ էմիգրանտների հիմնադրած 44 ընկերություններից 32-ը տեղակայված է Կալիֆոռնիայում, որին հաջորդում են Նյու Յորքը (6), Մասաչուսեթսը (4) եւ Իլինոյսը (2):

Զեկույցում խոսք է գնում ստարտափ վիզայի ներդրման հնարավորությունների մասին. «Դա կարեւոր լրացում կլիներ Միացյալ Նահանգների էմիգրացիոն համակարգում, քանի որ ներկայում արտերկրում ծնված ձեռներեցների համար դժվար է մնալ եւ զարգացնել իրենց բիզնեսն ԱՄՆ-ում՝ էմիգրացիոն վստահելի կարգավիճակի բացակայության պայմաններում»:

Առաջիկա 10 տարիներին «ստարտափ վիզան»  օրենք դառնալու դեպքում կարող է նպաստել կես մլն-ից մինչեւ 1.6 մլն աշխատատեղերի ստեղծմանը:

Ամփոփելով՝ զեկույցի հեղինակը փաստում է, որ էմիգրանտ ձեռներեցների ձեռքբերումները տպավորիչ են:

«Աշխատատեղերը, որոնք ստեղծվել են էմիգրանտների ընկերությունների կողմից, օգնել են տասնյակ հազարավոր ամերիկացիների, իսկ պրոդուկտները սպառվել են միլիոնավոր ամերիկացիների կողմից: Հետազոտությունը ցույց է տվել, որ էմիգրանտները շարունակում են մեծապես օգնել ԱՄՆ-ին, իսկ նրանց հաջողությունները փաստում են, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ հնարավորությունների երկիր»,- ամփոփում է զեկույցը: 

Նարինե Դանեղյան
Տաթեւ Հովհաննիսյան