11:01 | 11.03.16 | Նորություններ | 2479
ԱՄՆ դեսպանությունը Itel.am-ի խնդրանքով մեկնաբանել է հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը՝ կապված ԱՄՆ մուտքի արտոնագիր չստանալու հետ:
«ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ: Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում նաեւ այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա: Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը»,- նշել են դեսպանությունում՝ հավելելով, որ լիարժեքորեն գիտակցում են կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւորությունը Հայաստանում:
ԱՄՆ դեսպանությունն ընդգծել է, որ տարիներ շարունակ իրենք աջակցել են այս ոլորտի կայացմանը՝ որպես օրինակ նշելով Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնում եւ «Նեշընըլ Ինստթրումենթս»-ում իրենց ունեցած ներդրումը:
«ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրման գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ապահովումը եւ դրան զուգընթաց բոլոր դիմողների գերազանց սպասարկումը: Աշխարհով մեկ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների որոշումները վիզաների տրամադրման վերաբերյալ հիմնվում են ամերիկյան այդ օրենքների ու գործող կանոնակարգերի վրա եւ արտացոլում են օրինական ուղեւորությունները դյուրացնելու եւ դրան զուգընթաց՝ ԱՄՆ-ում աշխատողներին ու ԱՄՆ սահմանները պաշտպանելու մեր նպատակը»,- ասված է հաղորդագրությունում: