Մանկավարժական համալսարանի ռոբոտաշինության խմբակը
08:21 | 11.03.16 | Նորություններ | exclusive 2055
Մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա գտնվող Գորիսը շատերիս պատկերացումներում փոքրիկ պրովինցիալ քաղաք է, որտեղ նոր տեխնոլոգիաները սովորականից ավելի ուշ են հասնում, գործարար շրջանակներն էլ կարծես սահմանափակվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, գրում է Banks.am-ը:
2015թ. ամռանը երիտասարդ ծրագրավորող-ինժեներներ Արթուր Խոջաբաղյանն ու Հրայր Առուստամյանը որոշեցին փոխել մեր պատկերացումներն ու Հայաստանի հարավում եռաչափ տպիչների արտադրություն հիմնել: «ՕգմենթԱր» ընկերության արտադրած տասնյակ տպիչներն արդեն կիրառվում են Հայաստանի դպրոցների ռոբոտաշինության ու ինժեներական խմբակներում:
Սիլիկոնային Գորիսի ասպետները
«Սովորել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետեւ՝ աշխատել մի քանի ՏՏ ընկերություններում: 2012թ. «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանից առաջարկ ստացա իմ ծննդավայր Գորիսում սկսել ընկերության մասնաճյուղի հիմնման աշխատանքները,- պատմում է ընկերության համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը: -Այդ գաղափարն ինձ իդեալական էր թվում, ու շատ արագ կյանքի կոչեցինք: Երեք տարվա ընթացքում քիչ-քիչ ծնվեց Գորիսում սեփական ընկերություն ստեղծելու միտքը: Նախորդ տարի ընկերոջս՝ Հրայր Առուստամյանի հետ որոշեցինք հիմնել «ՕգմենթԱր»-ը՝ Գորիսում սկսելով եռաչափ տպիչների արտադրությունը»:
Հրայր Առուստամյանի խոսքով՝ իրենք կարողացան մտածելակերպ փոխել ու հեղափոխել պատկերացումները Գորիսի հնարավորությունների մասին. «Այն ժամանակ քչերն էին հավատում, որ հեռու այդ քաղաքում հնարավոր է եռաչափ տպիչ արտադրել. շրջաններում չկային համապատասխան մասնագետներ, իսկ ծնունդով գորիսեցիներն էլ, հարմարվելով երեւանյան կյանքին, հիմնականում չէին ցանկանում վերադառնալ՝ մարզում աշխատելու: Բայց այսօր արդեն կայուն զարգացող ընկերություն ունենք, որի արտադրանքը կիրառում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում»:
ՏՏ կրթություն` դպրոցականների համար
«ՕգմենթԱր»-ի միակ պատվիրատուն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԻՏՁՄ), որն իրականացնում է հանրակրթական դպրոցներում ռոբոտաշինության խմբակների եւ ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Աշակերտները համակարգչային ծրագրով նախագծում ու եռաչափ տպիչներով պատրաստում են փոքրիկ խաղալիքներ, շախմատի քարեր, հուշանվերներ ու անգամ հենց նույն տպիչի պլաստմասե դետալները՝ նորն արտադրելու համար:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ռոբոտաշինության խմբակների ու ինժեներական լաբորատորիաների ծրագրի մասին ընդգծված խանդավառությամբ է պատմում:
««ՕգմենթԱր»-ը Գորիսում մեծ գործ է սկսել՝ ապահովելով եռաչափ տպիչների պահանջարկի մեծ մասը: ԻՏՁՄ-ի նպատակն է նպաստել որակյալ ծրագրավորողների ու ինժեներների ավելացմանը՝ Հայաստանը դարձնելով զարգացած տեխնոլոգիական երկիր»,-ասում է Կարեն Վարդանյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ սկզբնաղբյուրի կայքում: