Սոֆի Մեհրաբյանը, Կարեն Վարդանյանն ու Արտաշես Թովմասյանը
10:43 | 11.03.16 | Նորություններ | 3577
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր հայտարարել է, որ վերջին շրջանում հայաստանյան ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում «հյուպատոսական ծառայության աշխատակիցների սուբյեկտիվ որոշումների պատճառով, ինչը վնասում է ընկերությունների բնականոն գործունեությանն ու զարգացմանը»։
Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են նաեւ հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը եւ gg ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը:
Ընկերությունների ղեկավարները հաստատել են, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանությունը մերժում է իրենց աշխատակիցներին մուտքի արտոնագրի տրամադրման հարցում:
«Սովորաբար, երբ հարցնում ես մերժման պատճառի մասին, խորհուրդ են տալիս դիմել, օրինակ, աշխատանքային վիզա ստանալու համար, ինչը նախ բավական թանկ հաճույք է եւ երկար գործընթաց, եւ բացի այդ, մարդիկ չեն գնում այնտեղ աշխատելու, այլ օրինակ՝ համագործակցություն կազմակերպելու կամ միջոցառման մասնակցելու: Բացի այդ, աշխատանքային վիզան վտանգ է պարունակում, քանի որ դու մարդուն հնարավորություն ես տալիս երկրից գնալու»,- նշել է Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այս հարցով ԻՏՁՄ-ն մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ դեսպանի եւ հյուպատոսական ծառայության պատասխանատուների հետ, առաջարկվել են իրավիճակի կարգավորման մեխանիզմներ, սակայն որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվել:
«Մենք նախ առաջարկել ենք, որ, օրինակ, ՏՏ ոլորտի համար առանձնակի պայմաններ ստեղծվեն՝ վիզա ստանալու հեշտացված կարգ: Տարբեր երկրներում կա նման պրակտիկա: Առաջարկվել է նաեւ, որ այս ոլորտի մարդկանց հետ դեսպանատան հարցազրույցները վարի հատուկ մեկը, որը մասնագիտացած է ոլորտում եւ կկարողանա ավելի օբյեկտիվ որոշումներ կայացնել»,- նշել է Կարեն Վարդանյանը:
Նա ընդգծել է, որ այդ քայլը հարվածում է ՏՏ ոլորտին, որը հռչակված է ՀՀ տնտեսության գերակա ուղղություն, բացի այդ, այս ոլորտի արտադրանքի շուրջ 70%-ը արտահանվում է ԱՄՆ:
Անդրադառնալով ՏՏ ոլորտի մասնագետների՝ երկրից արտագաղթի ցուցանիշներին, Կարեն Վարդանյանը նշել է.
«Այս ոլորտում արտագաղթի տոկոսը՝ մնացած ոլորտների համեմատ, ամենացածրն է: Եթե 2009թ. այս ցուցանիշը 9% էր, ապա անցած տարվա հետազոտության համաձայն՝ 3% է: Պատկերացրեք, թե այդ 3%-ի մեջ որքան չնչին տոկոս է կազմում ապօրինի արտագաղթը: Այս ոլորտի մարդիկ հիմնականում ունեն բարձր աշխատավարձ եւ ցանկանում են Հայաստանում ապրել»,- ամփոփել է ԻՏՁՄ գործադիր տնօրենը: