Microchip Technology-ն, որը կիսահաղորդչային լուծումների համաշխարհային առաջատարներից է, ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում։
FPGA բիզնես ստորաբաժանման Մարքեթինգի, Ռազմավարության եւ Հաճախորդների գծով փոխնախագահ Շաքիլ Փիրան Itel am-ի հետ բացառիկ զրույցում խոսել է Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական գործոնների եւ ուղղությունների մասին։
Նա ներկայացրել է Microchip-ի ապագա դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, կարիերայի հնարավորությունները, ինչպես նաեւ՝ համագործակցության հեռանկարները համալսարանների, պետական ծրագրերի եւ տեղական ստարտափների հետ։
- Ո՞ր հիմնական գործոններն են ազդել Հայաստանում ընդլայնվելու եւ այստեղ նոր գրասենյակ բացելու Ձեր որոշման վրա:
- Շուրջ երեք հիմնական գործոն կար: Առաջինը տաղանդների այն պաշարն էր, որը հասանելի էր ԽՍՀՄ փլուզումից հետո եւ այն, որ Հայաստանը մեծ ներդրում ուներ ԽՍՀՄ-ին մատակարարվող ճարտարագիտական եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի մեջ: Երկրորդը կրթական ենթակառուցվածքն էր: Մենք հատկապես շատ տպավորված էինք «Իրական դպրոցով» եւ այն մասնագիտական տեխնիկական գիտելիքներով, որ նրանք տրամադրում են:
Բայցի այդ, տպավորիչ է նրանց պատկերացումը՝ ինչպես է ազգի խնդիրները լուծելու համար տեխնոլոգիան ծառայում: Երրորդ պատճառն այն էր, որ մենք ունեինք գոյություն ունեցող հարաբերություններ:
Շաքիլ Փիրան և Ռաջիվ Ջայարամանը
photo © ԱՏՁՄ
Ռաջիվ Ջայարամանը, որ մեր Ծրագրային ապահովման եւ լուծումների մշակման ավագ տնօրենն է, Instigate-ի եւ նրանց հիմնադիրների հետ աշխատել է 2008 թվականից: Այսպիսով, մենք արդեն հաստատված հարաբերություններ ունեինք նրանց հետ: Սրանք են հիմնական պատճառները:
- Ինչպե՞ս եք տեսնում Microchip-ի դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում առաջիկա տարիներին:- Այժմ հաշվարկային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ոսկե դարն է։ Մենք զգում ենք, որ Հայաստանի տաղանդներն աշխարհում լավագույններից են ծրագրային ապահովման մշակման առումով: Սա ճիշտ վայր է՝ տաղանդներին խթանելու եւ համաշխարհային խնդիրների լուծումներին նպաստելու համար:
- Դուք նշեցիք, որ Հայաստանն ունի ուժեղ ճարտարագիտական համայնք: Ի՞նչ հնարավորություններ կան տեղական համայնքի հետ համագործակցության:- Մեր հիմնական համագործակցությունը «Իրական դպրոցի» հետ է: Կա երեք ոլորտ, որոնցում զգում ենք, որ Microchip-ը կարող է գերազանցել՝ պարզապես գրասենյակներում ներդրումներ կատարելուց զատ։ Առաջինը հետազոտական համալսարանների հետ համագործակցությունն է։ Ռաջիվն ու ես հաճախ քննարկումներ ենք ունենում՝ ինչպես կարող ենք ֆինանսավորել համալսարանների հետազոտական ծրագրերը։
Երկրորդը պետական հատվածի առաջնահերթություններն են։ Կան բազմաթիվ ուղիներ՝ տեխնոլոգիաների շուրջ պետական ենթակառուցվածքային ծրագրերը, նորարարությունը խթանող խելացի համակարգերի մշակումը։ Կառավարությունն այս ոլորտում բազմաթիվ առաջնահերթություններ ունի։ Մենք ցանկանում ենք օգնել։
photo © ԱՏՁՄ
Երրորդն, ակնհայտորեն, այստեղի հաստատությունների ընդլայնումն է։ Մենք շատ հետաքրքրված ենք ներդրումներ կատարել ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզային գրասենյակներում: Ցանկանում ենք փորձել գրավել տաղանդների խմբեր տարածաշրջանային բոլոր գրասենյակներից ու ընդլայնվել:
- Երիտասարդ մասնագետների համար կարիերայի ի՞նչ հնարավորություններ կստեղծի Microchip-ի ներկայությունը Հայաստանում:- Մենք այժմ ներդրումներ ենք կատարում սիլիկոնային կիսահաղորդիչների նախագծման ուղղությամբ: Երկրորդը դրա շուրջ ստեղծվող ծրագրային ապահովումն է, հատկապես արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը: Եվ երրորդը՝ հաճախորդների կիրառությունները, այդ լուծումները վերջնական հաճախորդին մատակարարելը: Մենք արդեն սկսել ենք ներդրումներ կատարել այդ լուծումներում, որոնք կկիրառվեն Հայաստանից դուրս՝ ամբողջ աշխարհում:
- Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն ունի մեծ ներուժ, բայց նաեւ բախվում է մարտահրավերների: Ինչպե՞ս հաղթահարել դրանք:- Այն հիմնական մարտահրավերները, որոնք մենք տեսնում ենք, կապված են հմտությունների հետ։ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների հիմնման փուլում է: Կա ներուժ դառնալու տարածաշրջանային իսկական ուժ տեխնոլոգիաների զարգացման առումով: Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ:
photo © ԱՏՁՄ
Բնակչությունը փոքր է, բայց շատ նվիրված։ Երբեմն նույնիսկ ավելի փոքր ազգերը կարող են գերազանցել ավելի մեծ ազգերին իրենց տեխնոլոգիական կարողությունների առումով: Մենք դրա բազմաթիվ օրինակներ ունենք: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է առավել ընդլայնի իր ուժերը, եւ մենք հուսով ենք օգնել այդ հարցում։
Շաքիլ Փիրայի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը