16:56 | 01.03.16 | Նորություններ | 1821
IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ, հայտարարել է Ստարտափ մրցույթ (IBM ISTC Startup Challenge)`ամպային տեխնոլոգիաներ, մոբայլ, Big data, բիզնես անալիտիկա, արհեստական բանականություն ուղղություններով:
Աքսելերացիային մասնակցությունը, որ ներառում է սեմինարներ, մենթորություն, թիմային աշխատանք, սեփական ծրագրի ներկայացում, հնարավորություն կտա ստեղծել ստարտափ՝ IBM Watson-ի եւ Bluemix-ի օգնությամբ:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Դիմումների վերջնաժամկետը մարտի 15-ն է:
IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղեկացրել են, որ 2 լավագույն թիմերը կստանան $1000 մրցանակ:
10 շաբաթվա ընթացքում թիմերը մասնակցելու են պարտադիր բնույթ կրող շաբաթական սեմինարների՝ ստանալով առաջադրանքներ հաջորդ շաբաթվա համար։ Մրցութային շրջանում թիմերը կարող են դիմել խորհրդատվություն եւ մենթորություն ստանալու համար:
Արդեն հուլիսին կանցկացվի IBM Watson հաքաթոնը, իսկ սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը, որին Ստարտափ մրցույթում լավագույնը ճանաչված թիմերը հնարավորություն կունենան մասնակցել առանց մրցակցության:
Հիշեցնենք, որ անցած ամիս Itel.am-ի հետ զրույցում IBM Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի բիզնես զարգացման գծով ղեկավար Արեգ Գեւորգյանը պատմել էր. «IBM-ը տարեկան 100 մլն դոլարի բյուջե ունի՝ նախատեսված ստարտափներում ներդրումների համար: Եթե ստարտափը դառնում է Watson էկոհամակարգի անդամ, ապա IBM-ի փորձագետների կողմից ստանում է անվճար բիզնես եւ տեխնիկական խորհրդատվություն: Նա կարող է օգտագործել իր ստացած դրամաշնորհը՝ պրոդուկտը զարգացնելու եւ տարածելու նպատակով»:
Նա ընդգծել էր, որ եթե ստարտափը ցանկանում է իր հավելվածն արհեստական բանականությամբ օժտել եւ դա անել հենց Watson-ի օգնությամբ, ապա իրենք ստեղծում են բոլոր հնարավորությունները դրա համար:
«Պետք է հասանելի դարձնել այն միտքը, որ Հայաստանում հնարավոր է զբաղվել արհեստական բանականությամբ պրոդուկտների մշակմամբ, եւ որ հեշտ է նման լուծումներ առաջարկել եւ փորձել ֆինանսավորում բերել: Ցանկանում ենք օգնել նաեւ գաղափարը պրոդուկտ դարձնելու ճանապարհին: Աքսելերացիայի մասնակիցները կդառնան այս գաղափարի կիրառման առաջամարտիկներ, իսկ լավագույնին IBM-ը կխրախուսի»,- ասել էր Արեգ Գեւորգյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
IBM Watson-ը IBM կորպորացիայի կողմից մշակված «սուպերհամակարգիչ» է՝ օժտված արհեստական բանականությամբ: Watson-ը աշխատում է մարդկային լեզվով եւ հավանականության վրա հիմնված պատասխաններ է տալիս: