16:23 | 29.02.16 | Նորություններ | 1099

Քննարկվել է ՏՏ վարկային կազմակերպության ստեղծման տեսլականը

Աղվերանում փետրվարի 27-28-ին կայացել է ՏՀՏ առաջնորդների հերթական հանդիպում-ֆորումը:

Այն նվիրված է եղել աշխատակիցների բաժնետիրացման իրավակարգավորմանը, մասնավորապես բաժնետոմսերի օպցիոնների տրամադրմանը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի վարկային կազմակերպություն (միություն) հիմնելու եւ սոցիալական ապահովագրության գումարները ոլորտում ներդնելու հարցերին:

ԻՏՁՄ-ից հայտնել են, որ հանդիպմանը ներկայացվել է վարկային կազմակերպության ստեղծման տեսլականը, որի հիմքում ընկած են կոոպերատիվ հիմունքներով ՏՏ վարկային միավորում (Credit Union), կոոպերատիվ հիմունքներով ապահովագրական ընկերություն եւ առանձին ՏՏ կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու գաղափարները:

Մասնակիցներին ներկայացվել է նաեւ ՏՏ ոլորտի ներգրավմամբ միջազգային առաջատարների, մասնավորապես՝ Սիլիկոնյան հովտում եւ Կանադայում գործող կոոպերատիվ վարկային միությունների փորձը:

ԻՏՁՄ անդամ՝ «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությունն իր հերթին ներկայացրել է աշխատակիցներին բաժնետոմսերի օպցիոնների տրամադրման եւ բաժնետիրացման գործընթացի առանձնահատկություններն ու իրավական կարգավորումների հետ կապված բոլոր խնդիրները:

Քննարկումներին մասնակցել են ԻՏՁՄ 5 տասնյակից ավելի անդամներ, Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարության ներկայացուցիչներ, փորձագետներ եւ մասնագետներ:

Ֆորումի շրջանակում կայացել են նաեւ ՀՀ-ում առաջին ինտերնետ մատակարարներից մեկի՝ «ՎԵԲ» ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումները:

Հիշեցնենք, որ ՏՀՏ առաջնորդների հանդիպում-ֆորումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007-ից: