11:27 | 01.03.16 | Նորություններ | 3603
Հայկական Margasoft ընկերությունը նախօրեին ներկայացրել է իր նոր՝ DataPlay ծրագիրը, որը հետազոտական ոլորտում տվյալների կառավարումը, վերլուծությունը եւ հաշվետվությունն ավտոմատացնող ամպային ծրագրային համակարգ է:
DataPlay-ի օգնությամբ հետազոտողները հնարավորություն կունենան ճշգրիտ վերլուծության ենթարկել տվյալները, պատրաստել վիզուալ հարուստ սխեմաներ, ինչպես նաեւ ներկայացնել դրանք:
DataPlay-ը նախատեսում է շաբաթներ տեւող ուսումնասիրությունների վրա ծախսած ժամանակը կրճատել մի քանի անգամ, վերլուծություններ կատարել Microsoft PowerPoint ու Excel ծրագրերում եւ տվյալներ հավաքագրել տարբեր աղբյուրներից: Նախատեսվում է նաեւ, որ DataPlay-ի օգտագործումը 50-80%-ով կկրճատի վիզուալացման վրա ծախսվող ժամանակը:
«Մասնակիցների կողմից բավական լավ արձագանքներ ստացանք: Ինձ համար հաճելի անակնկալ էր այն, որ DataPlay-ի հետ կապված այն ամենը, ինչ մենք անում ենք, մեծ պահանջարկ ունի հայաստանյան հետազոտողների կողմից»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Margasoft ընկերության տնօրեն Արմեն Մարգարյանը:
Ծրագիրը՝ նախքան Հայաստանում ներկայացվելը, հաջողություններ է գրանցել ամերիկյան եւ եվրոպական շուկաներում:
Margasoft ընկերության ավագ հետազոտող Աննա Դռնոյանի խոսքով՝ հայաստանյան դեմո-ներկայացման նպատակն է խրախուսել Հայաստանում ավտոմատացման ծրագրերի կիրառումը մարքեթինգային հետազոտությունների ոլորտում եւ հասկանալ տեղի մասնագետների պահանջները:
DataPlay-ն անվճար կտրամադրվի դեմո-ներկայացման մասնակիցներին:
Margasoft-ը ստեղծվել է 2005թ. ԱՄՆ-ում: Այն ստեղծում է նոր ծրագրեր՝ ավտոմատացնելով ֆիզիկական աշխատանքը:
Աննա Խաչատրյան