16:57 | 25.02.16 | Նորություններ | 4988
ՎիվաՍել-ՄՏՍ-ը միանում է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը (ՏՀՏԳՄ):
Միության գլխամասային գրասենյակում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը խոսել են կազմակերպությունների համագործակցության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերի մասին:
«ՏՀՏ գործատուների միությունը կոչված է մեր երկրում այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր նախաձեռնելուն, ինչպես նաեւ նմանատիպ նախագծերի իրականացմանն աջակցելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը ՏՀՏ գործատուների միությանը կօգնի միության անդամներին համադրել ջանքերը ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում:
«Ինչպես յուրաքանչյուր կազմակերպություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի իր օրակարգը, առաքելությունն ու տեսլականը, համաձայն որոնց կայացվում են որոշումներ՝ Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության, ներգրավվածության մեթոդների եւ աստիճանի վերաբերյալ: Հետադարձ հայացքով գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ եւ մասնակցությամբ իրականացված ազգային նշանակության երկարաժամկետ ծրագրերի արդյունքները՝ մենք համոզվում ենք, որ նպատակներին առավել արդյունավետ եւ արագ կերպով հասնելու համար համագործակցությունը չափազանց կարեւոր է: ՏՀՏ յուրաքանչյուր կազմակերպության մրցակցային առավելությունների մեկտեղումն ավելին է, քան առանձին առավելությունների գումարը: Ըստ մեզ՝ հենց դրանում է կայանալու ՏՀՏ գործատուների միության դերակատարումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: