13:50 | 23.02.16 | Նորություններ | 5103
Ամերիաբանկը եւ «Յուքոմ» ընկերությունն այսօր հայտարարել են «Ամերիա TV Բանկինգ» ծառայության մեկնարկի մասին:
Ծառայությունը նոր է Հայաստանում եւ հնարավորություն է տալիս հեռուստացույցի էկրանին դիտել կոմունալ վճարումների պարտքը, ստեղծել եւ կատարել խմբային կոմունալ վճարումներ, դիտել վճարումների պատմությունը, Ամերիաբանկի տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները: Ծառայությունը հնարավորություն է տալիս նաեւ ծանոթանալու Ամերիաբանկի մասնաճյուղերի եւ բանկոմատների հասցեներին՝ ցանկով եւ քարտեզով:
Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշել է, որ ներդրված ծառայությունը նոր խոսք է օնլայն գործիքների իրականացման բնագավառում:
«Մենք «Յուքոմ» ընկերության հետ մշակել ենք «Ամերիա TV Բանկինգ» ծառայությունը՝ «Ձեր բանկն այնտեղ է, որտեղ ձեզ հարմար է» կարգախոսի ներքո՝ ստեղծելով կոմունալ վճարների իրականացման առավել հարմար տարբերակ: «Յուքոմ»-ի հետ մենք արդեն ունեցել ենք աշխատանքային փորձ՝ արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, եւ սա արդեն երկրորդ նախագիծն է: Կարծում եմ, որ շարունակ նորարարության ձգտող մեր երկու ընկերությունների այս համատեղ նախագիծը լայն արձագանք կստանա հանրության շրջանում»,- ասել է Արման Բարսեղյանը:
«Ամերիաբանկի հետ մեր համատեղ նախաձեռնության նպատակներից մեկն է առավելագույնս թեթեւացնել մեր բաժանորդների առօրյան՝ ստեղծելով եւս մեկ այլընտրանքնային ծառայություն, որը հնարավորություն կտա շատ արագ եւ հեշտ կատարել բոլոր վճարումները: Սա Հայաստանում նախադեպը չունեցող ծառայություն է, եւ կարծում եմ՝ շատ շուտով TV Բանկինգ ծառայությունը մեր բաժանորդների շրջանում կլինի ամենապահանջվածներից մեկը»,- նշել է «Յուքոմ» ընկերության Մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
Նրանք, որոնք U!TV-ի ցանկացած փաթեթի բաժանորդ են եւ Ամերիաբանկի հաշվետեր, հեռուստացույցի միջոցով կարող են տեսնել իրենց կոմունալ ծառայության վճարման ենթակա գումարը եւ հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով վճարում կատարել:
«Յուքոմ»-ի բոլոր այն բաժանորդները, որոնք ցանկություն կունենան օգտվել ծառայությունից, կարող են դիմել ընկերությանը, իսկ այն հաճախորդները, որոնք «Յուքոմ» հեռուստատեսության ծառայություններից այսուհետ են օգտվելու, ծառայությանը կիմանան ավտոմատ: