13:55 | 19.02.16 | Հոդվածներ | exclusive 9914

Demo Day-ին ընդառաջ. Сartly-ն տուն կբերի ձեր մթերային գնումները

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:

Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:

Сartly-ն մթերային ապրանքների օնլայն գնումների համար նախատեսված մոբայլ հավելված է:

Այն հասանելի է Google Play-ում:

Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է ընտրել պրոդուկտը, կազմել զամբյուղը, նշել առաքման հասցեն, ժամը եւ պատվիրել:

Ստարտափի հիմնադիրը Իրանից Մուստաֆա Սադջադին է:

Itel.am-ի հետ զրույցում նա նշել է, որ գործարկումից հետո միայն 10 օրվա ընթացքում հավելվածը ներբեռնվել է 520 անգամ, արդեն սպասարկել են 50-ից պատվերներ: Ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվը 21-ն է:

«Մարտի սկզբին պատրաստ կլինի Cartly-ի iOS տարբերակը։ Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում հավելվածից օգտվում են 24-40 տարեկան անձինք, որոնք ունեն խիստ լարված աշխատանքային գրաֆիկ, երեխաներ եւ այլ հոգսեր»,- նշել է Մուստաֆա Սադջադին:

Նրա խոսքով՝ Cartly-ն մեծ արագությամբ ընդլայնվում է, եւ նախատեսվում է մինչ տարեվերջ օրական ունենալ 1200 պատվեր։

«Սա իրականացնելու համար անհրաժեշտ է ներգրավել ներդրումներ։ Մոտակա 8 ամիսների համար մեզ անհրաժեշտ է $60 հազ. ներդրում, որի միջոցով կկարողանանք ընդլայնել տեխնիկական կազմը եւ ավելի լավ կազմակերպել լոգիստիկայի հետ կապված հարցերը»,- նշել է Մուստաֆա Սադջադին։

Cartly-ն նախատեսում է սեպտեմբերին մուտք գործել Իրանի շուկա, իսկ 2017թ․՝ Վրաստան։



«Ես ինքս շատ զբաղված եմ, ինչու չէ՝ նաեւ մի քիչ ալարկոտ, եւ գնումների համար հիմնականում ժամանակ չեմ ունենում։ Ավելի ուշ հասկացա, որ շատերն ունեն նման խնդիր։ Իսկ գործող առցանց գնումների հարթակները չեն բավարարում մեր պահանջները։ Նրանցից շատերը շատ դանդաղ են, սպասարկում են որոշակի ժամերի կամ այլ խանութների համեմատ թանկ են»,- անդրադառնալով Cartly-ի ստեղծման պատմությանը՝ նշել է Մուստաֆա Սադջադին:

Հաշվի առնելով Իրանում կիրառվող որոշակի սահմանափակումները՝ նա որոշել է բիզնես սկսել այլ երկրում։

«Դիտարկում էի հարեւան երկրները, մասնավորապես Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Սկսեցի ուսումնասիրել, թե ինչպիսի աքսելերացիոն ծրագրեր կան այդ երկրներում: Տեղեկացա, որ ՄԻԿ Հայաստանն իրականացնում է Ստարտափ աքսելերացիոն ծրագիր, որը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերի լավագույն եռյակում է։ Մայքրոսոֆթի հետ կապը ինձ մեծ վստահություն ներշնչեց, եւ ես որոշեցի գալ Հայաստան ու ծանոթանալ կենտրոնի հետ»,- պատմել է Մուստաֆա Սադջադին: 
 
Աքսելերացիոն ծրագրի ընթացքում Cartly-ն ամբողջ պրոդուկտը զրոյից է ստեղծել:

«Ծրագրի մեծագույն արժեքը թիմերին ուղղորդելն ու մշտապես մոտիվացված պահելն է։ Շատ հարցերի վերաբերյալ ծրագրի թիմն ունի մեծ փորձառություն, լինում են բուռն ու ակտիվ քննարկումներ, որոնք գրեթե միշտ բերում են ճիշտ որոշումների։ Կենտրոնի մթնոլորտը շատ մոտիվացնող է, երբեմն հոգնում ես, հուսահատվում ու որոշում ձեռքերդ վայր դնել, բայց հենց այդ մթնոլորտը մշտապես ակտիվ է պահում։ Օգնելով միմյանց՝ միասին առաջ ենք շարժվում»,- եզրափակել է Cartly-ի հիմնադիրը:

Նարինե Դանեղյան