11:21 | 18.02.16 | Հոդվածներ | exclusive 3193

Demo Day-ին ընդառաջ. JHunter՝ վիրտուալ առաքիչ

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:

Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:

JHunter-ը մարդկանց միջեւ առաքումների կազմակերպման առցանց համակարգ է։

Ստարտափի հիմնադիրը Հայկ Ադամյանն է:

Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ սա առաքումների կազմակերպման ոլորտում ստարտափ հիմնելու իր երկրորդ փորձն է:

«Եթե մոռացել եք որեւէ իր, կամ ձեր ընկերությանը անհրաժեշտ է կարճ ժամանակում նամակներ առաքել գործընկերներին, ապա JHunter-ը ամենաարդյունավետ լուծումն է։ Անհրաժեշտ է մուտքագրել ձեր եւ առաքանին ստացողի տվյալները, եւ շատ կարճ ժամանակահատվածում պատվերը կկատարվի»,- տեղեկացրել է Հայկ Ադամյանը: 

Նրա խոսքով՝ JHunter-ը նախատեսված է ոչ միայն անհատների, այլեւ տարբեր ոլորտներում աշխատող ձեռնարկությունների համար։ Արդեն գործում է վեբկայքը եւ կատարվում են առաջին պատվերները։ Ստարտափը փորձում է բարելավել ծառայությունը՝ հիմնվելով հաճախորդների կարծիքների վրա։

«Ստարտափ աքսելերացիայի ծրագրի շրջանակում ընթացավ պրոդուկտի ստեղծման գործընթացը։ Հասկացա, որ պրոդուկտի տեխնիկական մասից ավելի կարեւոր է մարկետինգը՝ ինչպե՞ս անել, որ մարդիկ իմանան իմ պրոդուկտի մասին, կամ ինչպե՞ս այն ներկայացնել։ Ծրագրի թիմը մեծ փորձառություն ունի հատկապես այս ոլորտում, առանց որի հնարավոր չէ առաջ գնալ»,- եզրափակել է Հայկ Ադամյանը։

Նարինե Դանեղյան