11:04 | 01.02.16 | Նորություններ | 4962

ՄԻԿ աքսելերացիոն ծրագրի «Դեմո օր»-ը՝ փետրվարի 21-ին

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը:

ՄԻԿ Հայաստանից Itel.am-ին հայտնել են, որ աքսերելացիոն ծրագրի մասնակից 12 ստարտափ թիմերը այդ օրը՝ ժամը 11.00-ից սկսած, հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

Անցած տարվա նոյեմբերին մեկնարկած ՄԻԿ աքսելերացիայի ծրագրի ընթացքում թիմերը՝ համագործակցելով փորձառու մենթորների եւ խորհրդատուների հետ եւ մուտք ունենալով գլոբալ տեխնիկական եւ բիզնես ռեսուրսներին, հնարավորություն են ունեցել արագ ձեռք բերել այն հմտությունները եւ կապերը, որոնք անհրաժեշտ են ՏՏ ոլորտում հաջողություն գրանցելու համար։

«Ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 50 ստարտափ, որից լավագույներն են ընտրվել ծրագրին մասնակցելու համար: Համաշխարհային տենդենցներին համահունչ Հայաստանում նույնպես թիմերը հիմնականում գլոբալ խնդիրներին ուղղված լուծումներ են առաջարկում, որոնք վերաբերում են բազմաթիվ ոլորտների, ինչպիսիք են՝ shared economy, տարբեր բիզնես լուծումներ ձեռնարկությունների համար, տեսանյութերի պատրաստում, սոցիալական խնդիրներ եւ այլն»,- նշել է ՄԻԿ Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մասնակից թիմերից շատերը այս մի քանի ամիսների ընթացքում հսկայական աշխատանք են տարել եւ ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնցով արդեն իսկ հետաքրքրված են որոշ ներդրողներ եւ միջազգային ճանաչում ունեցող աքսելերատորներ: