14:53 | 29.01.16 | Նորություններ | exclusive 8412
Հայաստանը ներառված է We Are Social գործակալության հրապարակած աշխարհի թվային, սոցիալական եւ մոբայլ օգտագործման մասին Digital in 2016 եւ 2016 Digital Yearbook զեկույցներում, որը ներկայացնում է 232 երկրների տվյալներ:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի 3.02 մլն բնակչության 70%-ը (2.13 մլն մարդ) ակտիվ ինտերնետ օգտագործող է: Բնակչության 29%-ը (890 հազ. մարդ) սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործող է: Մոբայլ սարքերից ակտիվ սոցիալական ցանցերի օգտագործողների թիվը 680 հազ. է՝ բնակչության 23% ը, իսկ մոբայլ կապ ունի 3.66 մլն մարդ (թիվը ներկայացնում է մոբայլ բաժանորդագրությունների քանակը, այլ ոչ թե օգտագործողների):
Այսպիսով, ինտերնետի օգտագործման ամենաբարձր ցուցանիշն ունեն հետեւյալ երկրները.
-Իսլանդիա՝ բնակչության 98%-ը կամ 324 518 մարդ
-Բերմուդա՝ բնակչության 97%-ը կամ 68 280 մարդ
-Նորվեգիա՝ բնակչության 96%-ը կամ 5 047 528 մարդ
-Դանիա՝ բնակչության 96%-ը կամ 5 452 151 մարդ
-Անդորրա՝ բնակչության 96%-ը կամ 82 148 մարդ
Աղյուսակը եզրափակում են Չադը (ինտերնետից օգտվում է բնակչության 2.5%-ը կամ 356 678 մարդ), Նիգերիան (բնակչության 2%-ը` 395 990 մարդ) եւ Հյուսիային Կորեան (բնակչության 0.03%-ը կամ 7200 մարդ):
Գլոբալ առումով աշխարհում կա 3.42 մլրդ ինտերնետ օգտագործող (աշխարհի բնակչության 46%-ը), 2.31 մլրդ սոցիալական մեդիա օգտագործող (31%), 3.79 մլրդ անհատական մոբայլ օգտագործող (51%) եւ 1.97 մլրդ մոբայլ սաքրերից սոցիալական մեդիայի օգտագործող (27%):
Եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա գրանցվել է հետեւյալ պատկերը: Գլոբալ առումով ինտերնետ օգտագործողների թիվն աճել է 10%-ով (332 մլն-ով), սոցիալական մեդիայի օգտագործողների թիվը՝ 10%-ով (219 մլն-ով), առանձին մոբայլ օգտագործողների թիվը՝ 4%-ով (141 մլն-ով), իսկ մոբայլ սարքերից սոցմեդիա օգտագործողների թիվը՝ 17%-ով (283 մլն-ով):
«Աշխարհում Facebook-ի օգտատերերի 85%-ն այսօր սոցցանց է մուտք գործում մոբայլ հեռախոսներից, ընդ որում 83%-ը՝ սմարթֆոններից: Մեծ փոփոխություն է զգացվում 9 ամիս առաջվա ցուցանիշների հետ համեմատած: Այդ ժամանակ օգտատերերի միայն 69%-ն էր մուտք գործում սմարթֆոններից, իսկ 26%-ն՝ այլ հեռախոսներից: Facebook-ի գլոբալ օգտատերերի կեսն էլ երբեք չի օգտագործում համակարգիչ սոցցանց մուտք գործելու համար»,- նշված է զեկույցում:
Digital in 2016 զեկույցին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: «2016 Digital Yearbook»-ի մանրամասներն էլ հասանելի են այստեղ: