14:29 | 18.02.16 | Հոդվածներ | exclusive 4854
Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:
Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։
«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:
Filmer մոբայլ հավելվածը, հաշվի առնելով ձեր նախընտրած ֆիլմի ժանրը, դիտած ֆիլմերը եւ ձեր գնահատականը՝ կառաջարկի նույն ոճի մեջ մեկ այլ ֆիլմ, որը 80% հավանականությամբ ձեզ դուր կգա:
Ստարտափի հիմնադիրներն են Ռոբերտ Ասատուրյանը եւ Արտյոմ Դանգիզյանը:
Itel.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ասատուրյանը պատմել է, որ հավելվածի միջոցով օգտատերը կարող է նաեւ ավելացնել իր ընկերներին եւ տեսնել, թե նրանք ինչ ֆիլմեր են դիտում: Ավելին, հավելվածը թույլ է տալիս ֆիլմեր դիտել միասին:
«Տեխնիկական աշխատանքները գրեթե ավարտված են, եւ շատ շուտով կթողարկվի առաջին տարբերակը: Այս պահին հավելվածի թիրախում դեռեւս հայկական շուկան է, սակայն որոշակի բարելավումներից հետո պլանավորում ենք հավելվածը հանել միջազգային շուկա»,- նշել է Filmer-ի համահիմնադիրը:
Նրա խոսքով՝ աքսելերացիայի ծրագրի ընթացքում արժեքավոր խորհրդատվություն են ստացել:
«Մենք ունեինք միայն հում գաղափարը, սակայն դեռ չէինք հասկացել՝ ով պետք է լինի մեր թիրախում: Տեխնիկական տեսանկյունից դեռեւս լավ չէինք պատկերացնում, թե ինչպես հավելվածը կարող էինք դարձնել քիչ ծախսատար, բայց նաեւ շատ հարմար: Ծրագրի շնորհիվ անվճար ստացանք Azure-ի 3 տարվա անվճար օգտագործման հնարավորություն, որտեղ էլ որ տեղակայված է մեր հավելվածը»,- եզրափակել է Ռոբերտ Ասատուրյանը:
Նարինե Դանեղյան