15:51 | 17.12.15 | Նորություններ | 3703
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ու հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները` այս անգամ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:
Նախագծի շրջանակում համայնքի մանկապարտեզում տեղակայվել է արեւային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ:
«Արդար չէ, որ տարվա ամենագեղեցիկ եղանակը՝ ձմեռը, հրճվանք չի պատճառում երեխաներին եւ միայն բազմապատկում է հոգսերը, հատկապես՝ մարզերում ապրող ընտանիքների համար: Մանկապարտեզն արեւային էներգիայի միջոցով ջեռուցմամբ եւ տաք ջրով ապահովելը լավագույն լուծումն էր, քանի որ համայնքը հնարավորություն կունենա կրճատելու էլեկտրաէներգիայի ծախսերը եւ այդ գումարներն ուղղելու այլ կարեւոր խնդիրների լուծմանը: Հարկ է նշել նաեւ ծրագրի բնապահպանական առավելությունները՝ օդի աղտոտման +նվազում, բնական ռեսուրսների խնայողական օգտագործում: Եվ իհարկե, լուծվել է ձմեռային շրջանում երեխաների զբաղվածության հարցը: Հույսով ենք, որ ձմեռն այսուհետեւ այս երեխաների համար կլինի միայն հրաշքների ակնկալիքի, հեքիաթային գեղեցկության եւ ջերմության ժամանակաշրջան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արեւային ջրատաքացուցիչների աշխատանքի շնորհիվ ձմռան ամիսներին՝ ցերեկային ժամերին, անվճար սկզբունքով ջեռուցում կտրամադրվի մանկապարտեզին: Գիշերային ժամերին կօգտագործվի գազի կաթսան: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել մանկապարտեզի ջեռուցման ծախսը: