11:37 | 06.10.15 | Նորություններ | exclusive 4533

#createTogether. Հայկական տեխնո համայնքը համախմբվել է Երեւանում

Հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Երեւանում անցկացվում է #createTogether («Ստեղծենք միասին») տեխնոլոգիական միջոցառումը՝ իր շուրջ համախմբելով նորարարների, տեխնո աշխարհի ներկայացուցիչների, ձեռնարկատերերի:

Երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ամբողջ օրվա ընթացքում քննարկվել են ստարտափների համար արդիական հարցեր. ինչպես լուծել տեղական խնդիրները եւ գլոբալ ընկերություններ ստեղծել, ինչպիսին է ներկայիս էկոհամակարգը, ինչպես գտնել ներդրողներ: 

Օրվա ավարտին Itel.am-ը զրուցել է #createTogether-ի կազմակերպիչ, ամերիկահայ ձեռնարկատեր, ներդրող եւ գործարար Ալ Եսայանի հետ:
 
«Որակի տեսանկյունից #createTogether-ի առաջին օրը շատ արդյունավետ էր: Սակայն մասնակիցների քանակի առումով ավելին էի սպասում: Ներկա էր շուրջ 70 մարդ: Գուցե պատճառներից էր այն, որ երկուշաբթի էր, աշխատանքային օր: Նշեմ, որ մեզ հետ Երեւան են ժամանել Սիլիկոնյան հովտում աշխատող մասնագետներ: Արդեն 3-4 հանդիպումներ են կայացել նրանց եւ տեղական ստարտափների միջեւ»,- տեղեկացել է նա:

Ալ Եսայանը կարեւորել է նաեւ այն, որ իր վերջին այցից հետո հայաստանյան ՏՏ ոլորտում բավական հաջողություններ են գրանցվել: Նա արձանագրել է, որ Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի միջեւ կապերը գնալով սերտանում են: 

«Այս ընթացքում միջազգային հաջողությունների հասան Arloopa-ն, Picsart-ը, ServiceTitan-ը, Shadowmatic-ը: Այդ հաջողված պատմությունները նպաստում են, որ ստարտափների թիվը ավելանա, իսկ որակը՝ լավանա: Ոլորտը զարգացնելու համար հարկավոր է համախմբում եւ ուղղորդում. իրար օգնելով, միասին աշխատելով, իրարից սովորելով շատ բանի կարելի է հասնել»,- եզրափակել է Ալ Եսայանը:

Այսօր՝ կեսգիշերից հետո, մեկնարկել է մեկօրյա հաքաթոնը, որը կշարունակվի մինչեւ ժամը 16:00-ը: Այն կամփոփվի մշակված ապրանքների/ծառայությունների մրցույթով: