10:58 | 30.06.15 | Հոդվածներ | exclusive 9108

PicsArt. Instagram-ի հետ մրցում ենք ոչ թե քանակով, այլ որակով

Օրերս «Լոֆթ բիզնես ակումբ»-ում հանդիպում է կայացել աշխարհում ամենահայտնի հայկական ստարտափներից մեկի՝ PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանի հետ:

PicsArt-ը Photoshop-ի եւ Instagram-ի «խառնուրդ» է: Այն ամերիկյան Sequoia Capital վենչուրային ընկերությունից այս տարվա փետրվարին $10 մլն, իսկ հունիսին՝ եւս $15 մլն ֆինանսավորում է ստացել:

Itel.am-ը ներկա է եղել «Լոֆթ»-ում Արտավազդ Մեհրաբյանի հետ հանդիպմանը եւ գրի առել որոշ հետաքրքիր մտքեր: 

Փոքր լողավազանի մեծ ձուկը

Մեր գործը շուրջ 6 տարվա պատմություն ունի: Այն ժամանակ դեռ հավելվածներ էինք պատրաստում: Ապա հասկացանք, որ նոր բան փորձելու ժամանակն է: Միշտ կարեւոր է ճիշտ ժամանակին կողմնորոշվելը: 2008թ. վերջին սկսեցինք Android-ում ինչ որ բաներ փորձարկել:

Տեսնելով, որ Android-ը կարող է iOS-ին հակակշիռ դառնալ, որոշեցինք առաջինն այնտեղ հաստատվել՝ դառնալով «մեծ ձուկ փոքր լողավազանում»:

Մեր ընկերության աճը կտրուկ չի եղել, այլ ժամանակի ընթացքում: Հաջողությունները եւ անհաջողություններն ընթացքում հաջորդում էին միմյանց: Ունեցել ենք այնպիսի պահեր, երբ հասկացել ենք, որ ամեն ինչ զրոյից է պետք սկսել: Այդպես էլ արել ենք, եւ ավելի լավը ստեղծել: Դա է մեր թիմին հաջողություն բերել: Անհաջողությունը հնարավորություն է՝ զրոյից նոր բան ստեղծելու համար՝ օգտագործելով առկա փորձը: 

PicsArt-ի մարքեթինգային գաղտնիքներից էր այն, որ մինչ դրա գործարկումը մենք ունեինք հավելվածներ, որոնցից յուրաքանչյուրն ապագա PicsArt-ից որեւէ գործառույթ էր իրականացնում: Դրանք շուկայում բավական տարածված էին: Երբ PicsArt-ը գործարկվեց, բոլոր այդ հավելվածները հանեցինք շուկայից, որի արդյունքում վակուում ստեղծվեց: Ապա այդ հավելվածներից օգտվողներին տեղեկացրինք նոր ստեղծվող PicsArt-ի մասին: Դա եւս նպաստեց նոր հավելվածի արագ տարածմանը:

PicsArt-ի նպատակն է օգնել մարդկանց՝ բացահայտել իրենց արտիստիկ զգացողությունները եւ գեղեցկացնել աշխարհը:



PicsArt vs Instagram


Այն, որ PicsArt-ն այսօր շուկայում յուրահատուկ տեղ է գրավում, պայմանավորված է նրանով, որ տարբերվում է:

Instagram-ն ու PicsArt-ը գաղափարապես տարբեր են: Այն մարդը, ով Instagram է օգտագործում, հնարավոր է, որ PicsArt-ն ասոցացնի դրա հետ, իսկ Photoshop օգտագործողները նմանություններ կգտնեն հենց այդ ծրագրերի միջեւ:

PicsArt-ը Instagram-ի եւ Photoshop-ի արանքում է: PicsArt-ի միջոցով կարող ես ինչ-որ բաներ սարքել, փոփոխել, անգամ զրոյից ինչ-որ բան ստեղծել: Թիրախը սիրողական օգտատերերն են, որոնք զգում են իրենց մեջ արտիստիկ ներուժ: Մենք Instagram-ի հետ քանակով չենք մրցում, այլ որակով:

Սիլիկոնյան հովիտը եւ Հայաստանը

Սիլիկոնյան հովիտը կարելի է համարել մի մեծ ընկերություն, որտեղ բոլորն իրար ճանաչում են, ամեն ինչից տեղյակ են: Սակայն քեզանից տեղյակ չեն միայն այն պատճառով, որ դու այնտեղ չես: Այս բացը հաջողվում է լրացնել միայն այն դեպքում, երբ դու մեծ ընկերություն ես ներկայացնում:

Պետք է նշեմ, որ ներկայում, այնուամենայնիվ, շատ ավելի են տեղեկացված Հայաստանի մասին, քան մի քանի տարի առաջ: Հայաստանի անունն արդեն բավական շատ է շոշափվում, քանի որ կան հաջողակ պատմություններ:

Հիմա մեզ նայում են որպես Sequoia Capital-ի անդամ, եւ վերաբերունքը լրիվ այլ է: Բայց ամեն անգամ ներկայանալիս պարտադիր նշում ենք Հայաստանի անունը:

Փողը չի որոշում հաջողությունը

Փողը չի որոշում հաջողությունը: Հաջողությունը կերտում են թիմը եւ մարդիկ: Եթե փողը ճիշտ օգտագործվի, ապա ուղղակի կարող է լավացնել ընթացքը:

Մեր հիմնական նպատակն այս պահին որակի լավացումն է: Ընթացքում ենք հասկացել, որ լավագույն մարքեթինգը լավ պրոդուկտ ունենալն է: 

Եթե դու մի բանի մասին մտածում ես, ապա դա կարող ես եւ բիզնեսի վերածել: Գաղափարը միայն ցանկությունը չէ, այլեւ դրա իրականացումը: Պետք է նստել եւ դրա իրագործման համար առնվազն 10 հազ. ժամ ծախսել: Պետք է կտրվել առօրյայից եւ աշխատել:

Նարինե Դանեղյան