11:29 | 29.06.15 | Հոդվածներ | exclusive 10516

Տեխնոպարկերը Հայաստանում. Գյումրիից Ստեփանակերտ

Տեխնոլոգիական կենտրոնների գործունեությունը նպաստում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճին: Հայաստանի մարզերում եւ Արցախում գործող տեխնոպարկերի մասին Itel.am-ը զրուցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ:

«ՁԻՀ-ը տեխնոլոգիական կենտրոնների օգնությամբ ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ տեղական ընկերությունները Triada-ի եւ PicsArt-ի նման հաջողակ պրոդուկտներ կարող են ստեղծել եւ հետագայում ներդրումներ կատարել հենց Հայաստանում»,- ասել է
Բագրատ Ենգիբարյանը:

Ամփոփելով Գյումրիի տեխնոպարկի գործունեության մեկ տարին՝ նա նշել է, որ մինչեւ նման կենտրոնի հիմնումը մտավախություն է եղել, որ մարզերում մոդելը կարող է չաշխատել, սակայն արդյունքում ապացուցվել է հակառակը:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում աշխատում է 150 մարդ, գործում է 20 ընկերություն: Դասընթացների միջոցով էլ տարեկան շուրջ 500 մասնագետ է վերապատրաստվում: 

«Ուրախ ենք, որ տեխնոպարկի տարածքում գործում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ), «Թումո»-ն եւ այլն: Սա ցույց է տալիս, որ տեխնոպարկը նպատակ ունի ոչ միայն համալրվել նորաստեղծ ընկերություններով, այլեւ նոր կադրեր պատրաստելու համար միջավայր ստեղծել»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

Նա առանձնացրել է տեխնոպարկում գործող լաբորատորիաները, որոնք մասնագիտացած են մոբայլ տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի, ճարտարագիտության եւ մաքուր տեխնոլոգիաների ոլորտներում:

«Հիմա փորձում ենք լաբորատորիաներն ավելի ընդլայնել, ապահովել սարքավորումներով, որպեսզի դրանք նաեւ նախատիպեր ստեղծելու վայր դառնան»,- տեղեկացրել է Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիի տեխնոպարկի նպատակն է քաղաքը դարձնել ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, ինչն իր հերթին կստեղծի նոր աշխատատեղեր եւ երկրում ապակենտրոն էկոհամակարգի ձեւավորման խթան կդառնա:

«Տեղյակ եմ, որ այսօր շատ ընկերություններ պատրաստ են իրենց գործունեությունը Գյումրիում շարունակել, քանի որ առաջինը՝ կադրերն այնտեղ ավելի էժան են, եւ հետեւաբար՝ նման պայմաններում աշխատանքն ավելի հաճելի եւ արդյունավետ է: Տեխնոլոգիական կենտրոնների մոդելն ապացուցեց, որ այն արդյունավետ է նաեւ ներդրումների տեսակետից: Օրինակ, վերջերս Գյումրիում բացվեց ցանցային եւ հաղորդակցության սարքավորումներ նախագծող ու արտադրող թայվանական «Դ-Լինկ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնը»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ ապագայում նմանատիպ ընկերությունների շնորհիվ նոր էկոհամակարգ կձեւավորվի:

«Գործում է հետեւյալ տրամաբանությունը. վերազգային ընկերությանը հրավիրում ես տեխնոպարկ, որտեղ այն տեղակայվում է, այնտեղ աշխատելու համար մասնագետներ ես պատրաստում: Գոհ լինելով աշխատանքի որակից՝ վերազգային ընկերությունն ընդլայնում է իր ներդրումները եւ հարեւանությամբ առանձին շենք կառուցում»,- պատմել է ՁԻՀ տնօրենը:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ստեփանակերտում գործում է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը: Շուրջ մեկ ամսից կսկսվեն նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի վերանորոգման աշխատանքները: Բացումը նախատեսված է 2016թ. հունիսին:

Կապանում եւս նախատեսվում է ապագայում մոբայլ տեխնոլոգիաների կենտրոն հիմնել:

ՁԻՀ տնօրենը հավելել է, որ ՏՏ-ն Հայաստանում միակ ոլորտն է, որը կարող է ներգաղթ ապահովել:

«Տեխնոլոգիական ներուժը Հայաստանի ամենամեծ ներուժն է: Ստեղծագործ միտքը մեզ հնարավորություն է տալիս այսօր ՏՏ-ում, վաղն արդեն ճարտարագիտության եւ բարձր տեխնոլոգիաների, էներգախնայողության ոլորտներում դրսեւորվել»,- եզրափակել է Բագրատ Ենգիբարյանը:

Նարինե Դանեղյան