13:19 | 01.10.15 | Նորություններ | 1257

Հայկական ՏՏ ընկերությունները՝ եվրոպական մրցավազքում

Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 6-ը հայկական 24 ՏՏ ընկերություն «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի շրջանակում կայցելի 20 եվրոպական երկիր:

Նրանք կներկայանան եվրոպական ընկերություններին, կմասնակցեն Hi-Tech/Made in Armenia բիզնես ֆորումների, հայկական Hi-Tech անկյան ներկայացման:

Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը («Թի-Էս-Դի») եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀ կառավարության, «Լոֆթ» եւ «Սիթիմոբիլ» ընկերությունների հետ համատեղ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլ Տարասյանի խոսքով՝ նմանատիպ ծրագրերի արդյունավետության մակարդակը բավական բարձր է:

«Միայն այն, որ այսօր 24 ընկերություն պատրաստակամ է մասնակցել ծրագրին, ապացուցում է, որ նրանք ունեն կոնկրետ հետաքրքրություններ կոնկրետ շուկաներում, որոնք մոտ ապագայում պատրաստվում են նվաճել»,- նշել է նա:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ նշել է, որ նման միջոցառում Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում:

«Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ միջոցառման հովանավորը մասնավոր հատվածն է: Պետական մարմիններից մենք ստացել ենք մեծ թվով կազմակերպչական աջակցություն, իսկ ֆինանսական մասն ապահովել է մասնավոր սեկտորը: Սա լավ առիթ է՝ Եվրոպային ներկայացնելու ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա հաջողությունները»,- ասել է Վահան Շաքարյանը:

Նա հավելել է, որ պատրաստվում են հաջորդ տարի նման միջոցառում կազմակերպել ԱՄՆ-ում եւ Կանադայում: Նրա խոսքով՝ երկու երկրներից էլ արդեն ստացել են հովանավորության առաջարկներ: