10:01 | 03.10.24 | Հոդվածներ | exclusive 10666

Safe YOU-ն ներկայացրել է հավելվածի նոր գործիքակազմն ու զարգացումները

Սեպտեմբերի 24-ին Safe YOU-ն նախաձեռնել էր կլոր սեղան քննարկում, որի ընթացքում ներկայացրել է վերջին զարգացումներն ու հավելվածի նոր գործիքակազմը։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության Հիմնադրամի, ՀՀ Ոստիկանության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ անհատ խորհրդատուներ:

«Մեր գործընկերներին ներկայացում ենք ոչ միայն հավելվածում վերջերս կատարված փոփոխություններն ու թարմացումները, այլեւ վերջին մեկ տարվա ընթացքում մեր թիմի կատարած աշխատանքն ու նոր ձեռքբերումները։ Այս տարվա հունիսին մեկնարկել ենք մեր գործունեությունը Ռումինիայում, մի քանի օր անց նաեւ Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկո նահանգում, որոնք մեզ համար շատ կարեւոր նշաձողեր էին»,- նշել է Safe YOU-ի հաղորդակցման ղեկավար Միլենա Հայրապետյանը։

Կարեւորագույն թարմացումների շարքում են Ոստիկանության հետ համագործակցության խորացումն ու ընտանեկան բռնության դեպքերի հաշվառման համակարգի ստեղծումը, նոր «Բաց հարցում» գործառույթը, հետադարձ կապի «Follow-up» համակարգը, անվտանգությանն ուղղված նոր համակարգի ներդրումն ու հավելվածի նոր դիզայնը։

photo © Մեդիամաքս


ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ համատեղ աշխատում են Safe YOU-ի թիմի հետ նոր համակարգի գործարկման շուրջ․

«Համագործակցությունը իրենից ենթադրում է ոչ միայն հավելվածի օգտագործումը Ոստիկանության կողմից արձագանքման նպատակով, այսինքն՝ ընտանեկան բռնության դեպքերի ժամանակ բռնության ենթարկված անձանց կողմից այն կիրառելու, այլ նաեւ Safe YOU-ի միջոցով թվայնացվում է մեր հաշվառման բազաները։ Սա մեզ հնարավորություն է տալիս անհետաձգելի միջամտության որոշում կայացնել։  

photo © Մեդիամաքս


Եթե նախկինում չի եղել բռնության դեպք եւ տեղի է ունեցել առաջին անգամ, ապա ոստիկանը կարող է կիրառել ավելի մեղմ միջոց՝ չունենալով իր ձեռքի տակ անմիջապես թարմացվող տեղեկատվություն։ Այնինչ, Safe YOU-ի թվայնացված բազայի միջոցով ոստիկանը տեղում կարող է տեղեկանալ, թե ում հետ գործ ունի, կամ էլ նախկինում ինչ դեպքեր են գրանցվել տվյալ անձի մասնակցությամբ։ Սա ավելի համապարփակ պատկերացում է կտա։ Անվտանգության տեսանկյունից տվյալների բազային հատուկ ընտրված ոստիկաններ կկարողանան ծանոթանալ, ովքեր համակարգին հասանելիություն կստանան հատուկ կոդերով»,- նշել է Էդգար Պետրոսյանը։

Կանանց աջակցման կենտրոնի զարգացման տնօրեն Անի Ջիլոզյանը Safe YOU-ի հետ գործակցությունը դրական է գնահատում եւ հորդորում օգտագործել արդիական թվային լուծումը.

«Մենք արդեն տարիներ շարունակ աշխատում ենք Safe YOU-ի հետ։ Ի սկզբանե, զեկույցներ ու տեղեկատվություն ենք տրամադրել հավելվածում ներառելու նպատակով։ Այս ընթացքում շատ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի այն պրակտիկ աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր մեր շահառումների հետ արտացոլվի նաեւ հավելվածում։ Աստիճանաբար ավելի շատ հաղորդագրություններ ենք ստանում հենց հավելվածից։ Հասկանում ենք, որ այս լուծումը շատ արդիական է եւ ժամանակի հետ էլ ավելի կընդլայնվի ու շատ կանայք կօգտագործեն հավելվածը։ Մենք նույնպես մեր շահառուներին առաջակում ենք իրնեց սմարթֆոնում ներբեռնել ու օգտագործել»,- ասել է Անի Ջիլոզյանը։

photo © Մեդիամաքս


Safe YOU-ի օպերացիոն տնօրեն Լիլիթ Շախուլյանը ներկայացրել է նոր «Բաց հարցում» գործառույթը, տեխնոլոգիական ու անվտանգային թարմացումները։

«Բաց հարցումների հարթակը հնարավորություն կա հասանելիություն ունենալ թիրախավորված լսարանների։ Այժմ հատուկ հարթակի միջոցով հնարավոր է ստեղծել հարցումներ ու հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստանալ պատասխաններ։ Օրինակ՝ վերջերս արցախցի կանանց շրջանում հարցում էինք անցկացնում, որպեսզի գնահատենք նրանց կարիքները եւ օգնություններն էլ ավելի թիրախային կազմակերպենք։ Մեզ համար շատ կարեւոր էր հնարավորինս ճշգրիտ տվյալների հավաքագրում իրականացնելը»,- նշել է Լիլիթը։

Լիլիթ Շախուլյանը Լիլիթ Շախուլյանը
photo © Մեդիամաքս


Արդեն 4-րդ տարին անընդմեջ Safe YOU-ն ճանաչվել է «Թվային հանրային բարիք», որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող սերտիֆիկացիա է։ Այն մեկ անգամ հանրահռչակում է այն փաստը, որ տվյալ թվային լուծումը համապատասխանում է թվային եւ անվտանգային զարգացումներին ու միտված է ՄԱԿ-ի կայուն զարգացման հինգերորդ նպատակին։

«Գործ ունենք շատ զգայուն եւ կարեւոր անձնական տվյալների հետ։ Համագործակցում ենք կիբերանվտանգության Humanize հարթակի հետ եւ 24/7 մոնիտորինգի ենք ենթարկում մեր հարթակը, գտնում խոցելիությունները, որոնց էլ մեր տեխնիկական թիմն արձագանքում ու անվտանգային լուծումներ է տալիս դրանց։ Ներդրվել է երկֆակտոր նույնականացում»,- ասել է Լիլիթ Շախուլյանը։

Նոր գործառույթներն ու անվտանգային թարմացումներն իրականացվել են «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության եւ հավասարության» (WISE) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։

photo © Մեդիամաքս


Բացի նոր ֆունկցիաներից նաեւ թարմացվել է հավելվածի  UI/UX դիզայնը՝ այն դարձնելով ավելի մատչելի եւ հարմարավետ օգտագործման համար։

«Հիմնական ֆունկցիոնալը մնացել է նույնը, բայց ավելի ժամանակակից ու կնոջն ավելի մոտ լինելու էմոցիաներ ստեղծող գունային գամմայով ենք ներկայանում, նաեւ ավելի պարզեցրել ենք գրանցման գործընթացը։ Ընտրել ենք մուգ մանուշակագույն, վարդագույն, մուգ կապույտ եւ գինու գույները, որոնք հաղորդում են եւ՛ կանացի, եւ՛ խորը զգացողություններ, իսկ կապույտը արտացոլում է տեխնոլոգիական լուծում լինելը»,- նշել է Միլենա Հայրապետյանը։

Հանդիպման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի հետ ինտերակտիվ քննարկման արդյունքում նախանշվել են համագործակցության խորացմանն ու հետագա զարգացմանն ուղղված քայլերը։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի