17:52 | 30.09.24 | Հոդվածներ | exclusive 3817

Safe YOU-ն ներկայացրել է ՏՄՖԳԲ թեմայով հետազոտություն

Safe YOU-ն Civitta Հայաստան հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիայի միջոցով ֆասիլիտացվող գենդերային բռնության (ՏՄՖԳԲ) թեմայով հետազոտության զեկույց։

Հետազոտությունն ուսումնասիրում է ՏՄՖԳԲ-ը՝ հատուկ շեշտադրելով դրա տարածվածությունը հայաստանյան բիզնեսի եւ էլեկտրոնային առեւտրի համատեքստում եւ անդրադառնում անհատների, հատկապես կանանց եւ աղջիկների անվտանգությանը սպառնացող վտանգին:

ՏՄՖԳԲ-ն ներառում է մի շարք վնասակար թվային վարքագծեր, ինչպիսիք են կիբերհետապնդումը, կիբերհարձակումը, ինտիմ նկարների եւ սեռական օրգանների անցանկալի նկարների տարածումը եւ սեռական չարաշահումը։

Ուսումնասիրությունը վերլուծում է Հայաստանի օրենսդրությունը՝ բացահայտելով էական բացերը եւ համեմատելով այն միջազգային լավագույն փորձերի հետ՝ ընդգծելով բարելավման ենթակա ոլորտները: ՏՄՖԳԲ-ի եւ պաշտոնական վիճակագրության հստակ սահմանման բացակայությունը համարվում են արդյունավետ քաղաքականության մշակման հիմնական խոչընդոտներ:

photo © Մեդիամաքս


Հետազոտությունն առաջարկում է օրենսդրական բարեփոխումների եւ ուժեղացված աջակցության համակարգերի վերաբերյալ առաջարկություններ՝ կանանց ինչպես առցանց, այնպես էլ անցանց պաշտպանելու համար: Զեկույցը ուրվագծում է ՏՄՖԳԲ-ի տարբեր ձեւերը՝ մանրակրկիտ ուսումնասիրելով եւ վերլուծելով այս խնդրին առնչվող տարբեր օրենսդրություններ, զեկույցներ, հոդվածներ եւ հրապարակումներ սկզբնապես ընտրված հինգ երկրներում։

«Հարցման վերլուծությունը ընդգծում է ՏՄՖԳԲ-ի համատարած բնույթը եւ դրա խորը ազդեցությունը կանանց անձնական եւ մասնագիտական կյանքի վրա: Բոլոր տարիքի կանայք, հատկապես ավելի երիտասարդները, ունենում են առցանց թիրախավորում, ընդ որում սոցիալական ցանցերը նման ոտնձգությունների հիմնական հարթակն են: Չնայած զեկուցման եւ աջակցություն փնտրելու միջոցով պաշտպանվելու փորձերին, այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են վրեժխնդրության վախը եւ ոչ համարժեք մեխանիզմները, առցանց բռնության անպատժելիությունը պահպանվում է:

Անահիտ Հովհաննիսյանը Անահիտ Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Ստացված արդյունքներն ընդգծում են առցանց անվտանգությունը բարձրացնելու համար համապարփակ միջոցների հրատապ անհրաժեշտությունը՝ շեշտը դնելով բարելավված հաշվետվողականության եւ ամուր աջակցության համակարգեր ստեղծելու վրա՝ պաշտպանելու եւ հզորացնելու կանանց»,- զեկույցը ներկայացնելիս ամփոփել է Civitta-ի գործընկեր Անահիտ Հովհաննիսյանը:

Մարիամ Թորոսյանը Մարիամ Թորոսյանը
photo © Մեդիամաքս


Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը անդրադառնալով հետազոտությանը նշել է, որ երեւույթի դեմ պայքարելու առաջին քայլը խնդրին հստակ սահմանում տալն է։

«Աշխատել մի երեւույթի դեմ առանց հստակորեն սահմանելու այն որպես խնդիր գրեթե անհնար է։ Այս հետազոտությունը այդ քայլերից մեկն է․ սաղմնային վիճակում խնդիրը տեսնելու ու վերհանելու համար։ Մեզ բազմաթիվ դեպքեր են ուղարկում, որտեղ կնոջը շանտաժի են ենթարկում անպարկեշտ նկարներ հրապարակելու դիմաց եւ այլն։ Այս խնդիրը լուծելու համար հարկավոր է ստեղծել համակցված, փոխգործակցության ու ճիշտ հաղորդակցման միջավայր, որտեղ բոլորս կկարողանանք մեր ներդրումն ունենալ։

Safe YOU-ի տեսանկյունից էլ պետք է կարողանանք մեր լսարանին ճիշտ ներկայացնել խնդիրը եւ ստեղծել այնպիսի բովանդակություն, որը կբարձրաձայնի դրա մասին ու կտեղեկացնի լայն հասարակությանը եւ հենց թվային տիրույթում, կտրամադրի անվտանգության գործիքներ ու կնախանշի քայլերի հաջորդականություն ՏՄՖԳԲ-ի կանխարգելման ու դրա դեմ պայքարի գործում։ Ուրախ ենք մեր լուման ունենալ այս աշխատանքում»,- ասել է Safe YOU-ի հիմնադիրը։

photo © Մեդիամաքս


ՀՀ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը կարեւորել է այս ոլորտում պետություն եւ մասնավոր հատված համագործակցությունը։

«ՏՄՖԳԲ խնդրի մասին սկսեցի մտածել վերջերս, երբ առիթ ունեցա ապաստարանում բնակվող մի կնոջ պատմություն լսել, որը գտնվելով ապաստարանում դեռեւս շարունակում է բռնության զոհ դառնալ, որովհետեւ իր ամուսինը տարածում է իր եւ իր երեխաների նկարները համացանցում, բազմաթիվ սպառնալիքներ հնչեցնում ու փորձում է վարկաբեկել։ Հասկացա, թե որքան բաց է դաշտը ու երբ Civitta-ից մեր գործընկները հրավիրեցին քննարկումների՝ կիսվեցինք նման օրինակներով։

Սոֆի Բոստանչյանը Սոֆի Բոստանչյանը
photo © Մեդիամաքս


Հետազոտությունը կարեւոր է մեզ համար որպես քաղաքականություն մշակողի՝ հասկանալ, թե որոնք են այն բացերը, որտեղ աշխատելու տեղեր ունենք։ Մեր գերատեսչությունը պատրաստ է կարծրատիպային խնդիրներին ավելի փաստարկված ու հիմնավոր արձագանքել ու կարեւոր է ունենալ հետազոտական հիմք պատշաճ լուծումներ տալու համար»,- ասել է Սոֆի Բոստանչյանը։

Նինո Չուբինիձեն Նինո Չուբինիձեն
photo © Մեդիամաքս


Mercy Corps Վրաստանի «Ապահով առցանց տիրույթում» ծրագրի ղեկավար Նինո Չուբինիձեն ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության պատրաստակամությունը ու տարածաշրջանում նախադեպ ստեղծելու կարեւորությունը․

«Շնորհակալ եմ այս բարձր որակի հետազոտության համար։ Կարծում եմ, որ սա լավ սկիզբ է ՏՄՖԳԲ խնդիրների դեմ պայքարի հարցում մեր երկրների՝ Վրաստանի եւ Հայաստանի համար։ Մենք առաջինն ենք մեր տարածաշրջանում, որ անդրադառնում ենք ՏՄՖԳԲ խնդիրների ծրագրին ու տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը, հասարակական ու մասնավոր հատվածը պատրաստ են այս քննարկումներին եւ հետագա զարգացումներին»,- ասել է Նինո Չուբինիձեն։

«Սոցիալական ու թվային հարթակները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը ու աստիճանաբար ավելի մեծ տեղ են զբաղեցնում, ինչը հանգեցնելու է ՏՄՖԳԲ խնդիրների տարածմանը ու սրմանը։ Խնդրի համապարփակ ու արդյունավետ լուծման համար հարկավոր է ներառել հետազոտական համայնքին նույնպես, արդյունավետ քաղաքականություն մշակելու համար հարկավոր է սահմանել խնդիրը ու դրա մասշտաբը, բերել քանակական չափելիության։

Սեւակ Հովհաննիսյանը Սեւակ Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Մեզ համար մեծ բացահայտում էր հասկանալ եւ ուսումնասիրել այս խնդիրը։ Հետազոտությունը էքսպերիմենտալ ու պիլոտային էր, որում հիմնականում թիրախավորել ենք Safe YOU հավելվածի օգտատերերին` օգտվելով առկա բազայից։ Այս հետազոտությունը կարող է մեթոդական հիմք հանդիսանալ հետագայում ավելի խորը ու կոմպլեքս ուսումնասիրությունների համար»,- նշել է Civitta Հայաստանի գործընկեր Սեւակ Հովհաննիսյանը։

Այս հետազոտությունը իրականցվել է «Ապահով առցանց տիրույթում. հզորացնել կանանց թվային տնտեսությունում» ծրագրի շրջանակում։ Այն 3 ամյա նախաձեռնություն է եւ իրականացվում է Mercy Corps Վրաստանի կողմից Հայաստանում եւ Վրաստանում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի աջակցությամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից, իսկ Վրաստանում՝ Ռազմավարության եւ զարգացման կենտրոնի (CSD):
Ամբողջական հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի