15:15 | 09.09.15 | Նորություններ | 6484

«Յուքոմ»-ի աջակցությամբ անցկացվող ԴիջիԹեք էքսպոն կհամախմբի 130 ընկերության

11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը:

Էքսպոյին ակնկալվում է ավելի քան 130 ընկերության եւ 40 հազ. մասնակցի ներկայություն:

ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը, կազմակերպիչը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Եռօրյա տեխնոլոգիական տոնին, տեղական ընկերություններից բացի, մասնակցելու են առաջատար ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից եւ Իրանից:

«Լինելով նորարարական մոտեցումների եւ նոր տեխնոլոգիաների լուծումների ստեղծող եւ ջատագով՝ մեր ընկերությունն առաջին անգամը չէ, որ հովանավորում է ԴիջիԹեք ցուցահանդեսը ու նմանատիպ խոշոր միջոցառումներ»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: 

Նրա խոսքով՝ նման միջոցառումների շնորհիվ հասարակության ավելի լայն շերտերն են սկսում առնչվել տեխնոլոգիական ոլորտի հետ:

««Յուքոմ»-ը՝ որպես ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող եւ արագ զարգացող տեղական ընկերություն, աջակցում է տեխնոլոգիապես զարգացած Հայաստանին ուղղված բոլոր միջոցառումներին, որոնցից մեկն էլ հենց ԴիջիԹեք էքսպոն է»,- ասել է ընկերության տնօրենը:

Հայկ Եսայանը հավելել է, որ ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը կցուցադրի մեծ թվով տեխնոլոգիական նորարարություններ, որոնցից բաժանորդները կարող են օգտվել արդեն 2016-ից սկսած:

ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանն էլ այս տարվա էքսպոն կարեւորել է նրանով, որ մասնակիցների թվում են հայկական ընկերություններ, որոնք միջազգային ասպարեզում լուրջ հաջողությունների են հասել, ինչպես PicsArt-ը, Zangi-ն, Joomag-ը, Triada-ն:

«Մասնակիցների թվում են նաեւ մի շարք առաջատար միջազգային ընկերություններ, ինչպիսք են Ericsson-ը, Huawei-ն, Keysight Technologies-ը, Calix-ը եւ այլն: Համոզված ենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսում մասնակցությունը, լավ ավանդույթի համաձայն, կխրախուսի միջազգային ընկերություններին Հայատսնաւոմ ինժեներական ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այնպես, ինչպես ժամանակին եղավ IBM, National Instruments եւ այլ ընկերությունների դեպքում»,- հայտարարել է Կարեն Վարդանյանը:

Տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգահեռ՝ տեղի են ունենալու ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ եւ այլն: Հայ մասնագետի պատրաստած շախմատի ռոբոտն էլ կմրցի հայ գրոսմայստերների հետ: