14:03 | 09.09.15 | Նորություններ | 5176
Հայաստանի 5 ավագ դպրոցներում արդեն դասավանդվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները:
Փորձարարական ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» եւ «Յունիքոմփ» ընկերությունների ջանքերով:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ մինչեւ 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցել է ծրագրին, որովհետեւ մենք հավակնում ենք մեր երկրի հեռանկարային տեսլականին, այն է՝ միշտ ձգտել լինել նորարարության հարթակում: Ծրագիրը նոր մոտեցում է առաջ քաշում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Ծրագրի նպատակն է` եթե մենք մտածում ենք երկրի ապագայի համար, որ տարիներ հետո ունենանք տնտեսական զարգացումներ, ապա պետք է կորիզից զբաղվել` այդ զարգացումները սերմանելով: Դրա համար փորձում ենք աշակերտներին փոխանցել գիտելիքներ` դրանով ապահովելով նաեւ ոլորտի շարունակականության խնդիրը, ինչպես նաեւ լուծել սոցիալական խնդիր` այդ աշակերտներին ապահովել աշխատանքով»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ են իրականացվում վերոնշյալ երեք առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ծրագրի իրականացման համար ընկերությունը նախատեսում է հատկացնել շուրջ 70 մլն դրամ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, իր հերթին նշել է, որ ծրագիրը պետություն–մասնավոր հատված համագործակցության ցայտուն օրինակներից է:
«Մեր հավակնությունն է՝ ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որ կարող ենք նաեւ արտահանել որպես գաղափար եւ բովանդակություն` «Շախմատ» առարկայի նման: Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով եւ դպրոցներում գիտատեխնոլոգիական առարկայախմբի հստակ ներկայացվածությամբ: Ծրագիրն իրոք աննախադեպ է տեխնոլոգիական կրթության զարգացման տեսանկյունից»,- ասել է Արմեն Աշոտյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ նշել է, որ ՏՀՏ ոլորտում ներկայումս առկա է շուրջ 2000-2500 որակյալ կադրերի խնդիր:
«Այս ծրագրի շնորհիվ մի քանի տարի հետո որակական եւ արմատական փոփոխություններ կլինեն, որովհետեւ բուհերը դպրոցներից կստանան տաղանդաշատ պատանիներ, որոնք տարբեր մասնագիտությունների գծով կպատրաստեն որակյալ կադրեր»,-ասել է նա:
«Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն էլ հավելել է, որ ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշման խնդիր կա, հետեւաբար` ծրագիրը թույլ կտա պատանիներին մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել` ծանոթանալով ՏՀՏ բոլոր ուղղությունների հետ:
Ծրագրում ընդգրկված են «Քվանտ» վարժարանը, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանը, Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երեւանի ավագ դպրոցը եւ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը: