14:23 | 06.07.15 | Նորություններ | 3832
Հայաստանում Ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել «Դատական նիստերի եւ վիդեոկոնֆերանսների» նորարարական դահլիճի պաշտոնական բացումը:
Նորաբաց դահլիճը համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը կարող են վիդեոկոնֆերանսներ կազմակերպել արտասահմանյան համալսարանների հետ:
Օրանժ Արմենիան, ֆինանսական աջակցությունից բացի, տրամադրում է միջազգային կապ ապահովող տեխնիկական լուծում:
«Նորարարությունը մշտապես կարեւոր դեր է զբաղեցրել մեր ռազմավարությունում: Արդեն ավելի քան 5 տարի է, ինչ Հայաստանում մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահություն, կրթության եւ այլն, ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ ներդնելու ուղղությամբ: Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաեւ ֆրանսալեզու կրթություն ունեցող այլ համալսարանների ուսանողներն ու դասախոսական կազմը կարող են իրենց ուսումնական գործընթացն է՛լ ավելի արդյունավետ կազմակերպել՝ այս նախագծում ներգրավված գործընկերների ջանքերի եւ միջազգային որակյալ կապ ապահովող մեր նորարար տեխնիկական լուծման շնորհիվ»,-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Դատական նիստերի դահլիճում ներդրվել է նաեւ հեռահաղորդակցման բարձրորակ սարքավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել առցանց դասախոսություններ, գործնական աշխատանքներ եւ քննարկումներ»,- նշել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան:
Հայաստանում ֆրանսիական համալսարանից բացի, նորաբաց վիդեոկոնֆերանսների դահլիճի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել նաեւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հայաստանյան այլ համալսարանների դասախոսներն ու ուսանողները: