10:10 | 19.06.15 | Հոդվածներ | exclusive 128312

Zangi vs Skype. Ո՞վ է հաղթում iPad-ների պատերազմում

Zangi մոբայլ հավելվածի շուրջ «իրարանցումը» Հայաստանում սկսվեց փետրվարին:

Հայ ծրագրավորողների մշակած հավելվածի Android եւ iOS տարբերակների ներբեռնումների ընդհանուր թիվն այսօր գերազանցում է 200 հազ-ը: Ներբեռնումների 50%-ը Հայաստանից է, մյուս կեսը՝ արտերկրից: 

Zangi-ն հնարավորություն է տալիս նույնիսկ շատ թույլ ինտերնետի դեպքում բարձրորակ վիդեո եւ աուդիո զանգեր իրականացնել, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով եւ տեսանյութերով:

Այն իր տեխնիկական տվյալներով մարտահրավեր էր նետել Skype-ին եւ Viber-ին:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Itel.am-ը Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի օգնությամբ փորձել է համեմատել Zangi-ի եւ Skype-ի iPad տարբերակները:

1. Աուդիո զանգի ձայնի բարձրություն

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ տեխնիկական համեմատությունը ցույց է տվել, որ Skype-ի ձայնը մի քանի անգամ ավելի ցածր է Zangi-ի ձայնից:

«Դա հատկապես անհարմարություններ է առաջացնում այն օգտատերերի համար, որոնք Skype-ից օգտվում են այնպիսի վայրում, որտեղ աղմուկ է՝ սրճարան, փողոց կամ էլ տուն, որտեղ կան երեխաներ: Zangi-ն իր տեխնոլոգիաների միջոցով փորձել է լուծել այդ խնդիրը: Այն օգտագործելիս ստիպված չեք լինի խոսել, ապա iPad-ն ուղղել դեպի ականջը՝ նորմալ լսելու համար»,- նշել է նա:

2. Աուդիո զանգի որակ

«Ձայնային» ինդուստրիայի համաշխարհային ընկերություններն առաջարկում են ընտրել՝ կամ պարզ ձայն, որը բնական չէ, կամ էլ հակառակը՝ բնական ձայն, որը պարզ չի հնչում:

«Այս խնդիրը սեփական ուժերով մշակած տեխնոլոգիաների օգնությամբ լուծել է Zangi-ն: Մենք առաջարկում ենք երկուսի համատեղում՝ ամենաբնական եւ հասկանալի ձայնը: Zangi-ի աուդիո զանգի ընթացքում աղմուկը ավելի պակաս է, միաժամանակ՝ պահպանվում է մարդու օրիգինալ ձայնը: Լուծված է նաեւ արձագանքի խնդիրը, որն առկա է Skype-ով խոսելու դեպքում»,- ընդգծել է Zangi-ի հիմնադիրը: 



3. Տեսազանգի որակ

Zangi-ի հիմնադիրը պատմել է, որ Skype-ի տեսազանգում կիրառվում են որոշակի տեխնոլոգիաներ, որոնք խտացնում են գույները:

«Մի կողմից՝ մարդիկ կարծում են, որ դա լավ է, մյուս կողմից էլ, պրոֆեսիոնալները հասկանում են, որ դա, այնուամենայնիվ, բնական պատկեր չէ: Օգտատերերը եւս երկարաժամկետ օգտագործման պարագայում կարող են հասկանալ, որ խտացված գույներով պատկերը հոգնեցնող է. դա հատկապես տեսանելի է արհեստական լուսավորության պայմաններում: Zangi-ն գնացել է երկարաժամկետ ճանապարհով. մենք գույները չենք խտացնում, եւ հատկապես արհեստական լուսավորության պայմաններում ավելի պարզ պատկեր ենք կարողանում ստանալ»,- նշել է Վահրամ Մարտիրոսյանը:

Նարինե Դանեղյան