10:16 | 17.06.15 | Հոդվածներ | exclusive 11908

Գյումրիի «Թումո». հայացք ներսից

Մայիսի 25-ին Գյումրիում պաշտոնապես բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Itel.am-ն օրերս այցելել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում տեղակայված «Թումո» կենտրոն, որտեղ այս օրերին կողմնորոշիչ հանդիպումներ են անցկացվում պատանիների համար:

Գյումրիի «Թումո»-ում մինչեւ 1000 պատանի կսովորի

Գյումրիում «Թումո» կենտրոնի ղեկավար Նարե Ավագյանը պատմում է, որ կենտրոնի բացման գաղափարը ծագել է շուրջ մեկուկես տարի առաջ: 

«Գյումրիի «Թումո»-ն Երեւանից եւ Դիլիջանից հետո երրորդն է: Նախատեսված է, որ այստեղ կսովորի 600-ից մինչեւ 1000 պատանի: Միակ սահմանափակումը տարիքայինն է՝ 12-18 տարեկան: Ուսումը միջինում տեւում է 3 տարի»,- տեղեկացնում է նա:

Նարե Ավագյանը նշում է, որ կողմնորոշիչ հանդիպումների ընթացքում արդեն 400 պատանի է գրանցվել: Եւս երկու հանդիպում տեղի կունենա հունիսի 20-ին ու 27-ին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)` Հայաստանի հատուկ ծրագրերի համակարգող, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ծուլիկյանը նշում է, որ դասերը կսկսվեն սեպտեմբերին:

«Սեպտեմբերին նմանատիպ կենտրոն կբացվի նաեւ Ստեփանակերտում, որը կդառնա ՀԲԸՄ-«Թումո» համագործակցությամբ գործարկված արդեն երկրորդ «Թումո»-ն: Այն աննախադեպ հնարավորություն կդառնա Արցախի երիտասարդության համար եւ իր չափերով եւ կարողություններով չի զիջի Գյումրիի «Թումո»-ին»,- նշում է Վարդան Ծուլիկյանը:

«Թումո»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն իր հերթին նշում է, որ ուսումնական պլանը լինելու է նույնը, ինչ Երեւանում եւ Դիլիջանում: Դասավանդվելու են ֆիլմերի ստեղծում, վեբ ծրագրավորում, խաղերի մշակում, անիմացիա եւ մի շարք այլ առարկաներ: 

Գյումրիի «Թումո»-ում, ինչպես նաեւ մյուս «Թումո» կենտրոններում ուսանելն անվճար է: Գոյություն ունի դեպոզիտ գումար՝ 3000 դրամ (Երեւանում՝ 10 հազ. դրամ), որը վերադարձվում է պայմանագրի ավարտի կամ խզման ժամանակ:
  
Զառա Բուդաղյանը ոգեւորող է համարում այն, որ կենտրոնի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը:

«Գրանցման գործընթացն այնպես ենք իրականացնում, որ հերթեր չառաջանան: Ներկայում մշակում ենք մեխանիզմ, որով «Թումո» երեք կենտրոնների մասնագետները անընդհատ կփոխարինեն միմյանց: Այնպես որ, անկախ նրանից, թե որտեղից կլինեն Գյումրիի կենտրոնի դասավանդողները, նրանք կլինեն լավագույնները»,- նշում է Զառա Բուդաղյանը: 

«Թումո»-ի 3 կենտրոններում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 7-ին: 

Գյումրիի պատանիները՝ «Թումո»-ի մասին

Գյումրիի «Թումո»-ի ապագա սաներից Կարապետ Թորոսյանը 14 տարեկան է: Նրա խոսքով՝ «Թումո»-ի բացման լուրին տեղեկանալուց մի քանի օր անց ինքն արդեն որոշել է, որ պետք է այստեղ սովորի:

«Հետաքրքրվում եմ տեխնոլոգիաներով: Ցանկանում եմ հիմնականում մասնակցել ռոբոտաշինության դասերին: Մյուս ուղղություններից նախընտրում եմ 3D մոդելավորումը եւ կայքերի պատրաստումը»,- պատմում է նա:

12-ամյա Ռազմիկ Մակարյանը եւս հետաքրքրված է ռոբոտաշինությամբ:

«Մեր դպրոցում տեխնոլոգիական խմբակներ, ցավոք, չկան, եւ սա ինձ համար նոր բան սովորելու լավ հնարավորություն է: Չեմ բացառում, որ հետագայում դա մասնագիտություն էլ դառնա: «Թումո»-ն համարում եմ մտքի զարգացման կենտրոն, որտեղ պատանիները գտնում են իրենց պայծառ ապագան: Ես եւս ցանկանում եմ լինել նրանցից մեկը»,- նշում է նա:  

Նարինե Դանեղյան