«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը
11:59 | 21.04.15 | Նորություններ | 1041
«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն ապրիլի 20-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպել են «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համաժողովը:
Համաժողովին մասնակցել են հայ եւ Հայաստանում բնակվող արտասահմանցի ուսանողներ եւ կամավորներ:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանն իր ելույթում հիշատակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. ընդունած Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիան: Նա հավելել է, որ մինչ օրս աշխարհում շատ բան չի փոխվել:
Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ կարեւորել է միասնական պայքարը:
Համաժողովի ընթացքում ամփոփվել է նաեւ մարտի 1-ին մեկնարկած «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» ծրագրի արդյունքները: Ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երիտասարդներին՝ իրենց ուղերձներով քննադատելու «ցեղասպանություն» երեւույթը: Մարտի 10-ից ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ներկայացվել են ծրագրի ընթացքում նկարահանված սոցիալական գովազդի դրվագները, որի արդյունքում էլ պատրաստվել է ամբողջական տեսահոլովակ: