14:30 | 18.04.15 | Նորություններ | 4930
Beeline-ը կաջակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի լայնածավալ համերգային ծրագրին:
Այսօր Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում քառյակը ելույթ կունենա հայազգի դիրիժոր եւ ջութակահար Ջորջ Փեհլեւանյանի հետ, իսկ ապրիլի 21-ին կմեկնարկի քառյակի համերգային շրջագայությունը Ռուսաստանի, այնուհետեւ` Ֆրանսիայի քաղաքներում:
«Մշակույթը եւ արվեստն այն երկու հզոր գործիքներ են, որոնց միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս մատչելի կերպով ներկայացնել լայն հասարակայնությանը, այդ թվում` միջազգային հանրությանը: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` Beeline-ը հատկապես կարեւորում է աջակցությունն այն միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Կարեւոր է, որ նմանատիպ մշակութային միջոցառումները նպաստեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ երիտասարդների եւ օտարերկրացիների իրազեկմանը, ինչպես նաեւ միջազգային ճանաչմանն ու հետագայում նման ողբերգությունների կանխարգելմանը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ռուսաստանում Միրզոյանի անվան քառյակի համերգային շրջագայությունը տեղի կունենա ռուս-գերմանացի հայտնի դաշնակահար Միխայիլ Մորդվինովի մասնակցությամբ: Երաժիշտները համերգներով հանդես կգան. ապրիլի 21-ին` Յարոսլավլում, ապրիլի 22-ին` Մոսկվայում, ապրիլի 23-ին` Դուբնում:
«Մենք շնորհակալ ենք Beeline-ին հետեւողական ու երկարաժամկետ հովանավորության համար, ինչպես նաեւ շնորհակալություն ենք հայտնում «Տաշիր» ընկերությունների խմբին մեր երաժշտական անձնակազմին աջակցելու համար, մասնավորապես, 2014թ. հոկտեմբերին երաժշտական մրցույթում, որտեղ մենք նվաճեցինք առաջին մրցանակը մեր երկրի համար»,- նշել են Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները:
Ռուսաստանյան համերգային շրջագայությունը կավարտվի ապրիլի 28-ին Մոսկվայում` Ստաս Նամինի Երաժշտության եւ դրամայի թատրոնում:
Ռուսաստանյան համերգներից հետո քառյակը շրջագայության կմեկնի Ֆրանսիա` Փարիզ, Տուկե եւ Բապոմ քաղաքներ: