17:22 | 17.04.15 | Նորություններ | 4808

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 10 մարզում 40 տուն կկառուցվի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար այս տարի 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.՝ 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ստանձնել է իրականացնել ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզում կբարելավվի 20 ընտանիքի բնակարանային պայմանները, եւս 20 ընտանիք ավարտին կհասցնի ունեցած կիսակառույց տան շինարարությունը:

Ծրագիրը մեկնարկել է Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում՝ Համոյանների տան շինարարությամբ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախությամբ է աջակցում այս նախագծի իրականացմանը. բացի ռազմավարական նշանակությունից, այն իր մեջ կրում է նաեւ միասնականության, միմյանց օգնելու, ոգեւորելու գաղափարը: Առանձնակի ուրախությամբ եմ լցվում, երբ տեսնում եմ, որ այդ գաղափարներով առաջնորդվում են մեր ընկերության աշխատակիցները եւ ցանկություն են հայտնում կամավորական սկզբունքով շինարարական աշխատանքներ իրականացնել այս ընտանիքների համար: Սա վկայում է այն մասին, որ մեր ընկերության որդեգրած արժեհամակարգը տարածվում է` ընդունվում եւ կիրառվում է աշխատակիցների շրջանում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համոյանների ընտանիքի հայրը` Մուշեղ Համոյանը, նշել է, որ ինքը 20 տարի ապրել է կիսակառույց այդ տանը, ու «հիմա, երբ իրականանում է ընտանիքի երազանքը, ինքը աշխարհի ամենաերջանիկ մարդն է»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցությամբ 2007-ից ի վեր կառուցվել է 53 տուն: