Ծիծեռնակաբերդում այսօր բացվել է «Յուքոմ»-ի աշխատակիցների հիմնած «Հիշատակի» ծառուղին:
Ընկերությունում նշել են, որ ծառուղին ձգվում է Ցեղասպանության թանգարանի ճանապարհի երկայնքով, ինչպես նաեւ դեպի Մարզահամերգային համալիր տանող պուրակի երկայնքով:
«Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ընկերությունը նախաձեռնել է Recognize1915.am նախագծը, որի նպատակն է աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին:
«Այդ նույն՝ Recognize1915 նախագծի շրջանակում այսօր «Յուքոմ»-ի աշխատակիցների ջանքերով հիմնվում է ծառուղի Ցեղասպանության թանգարան տանող ճանապարհի երկայնքով: Տնկվել է 999 ծառ, «Յուքոմ»-ի յուրաքանչյուր աշխատակից սրանով իր հարգանքի տուրքն է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, չէ՞ որ ծառը կյանքի, հույսի, ապագայի նկատմանբ հավատի խորհրդանիշն է»,- ասել է նա: