12:26 | 15.04.15 | Նորություններ | 1317

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում 58-րդն է

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով 143 երկրների շարքում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը:

Այս մասին են վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի հրապարակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2015»-ի արդյունքները, որոնք ներկայացրել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանն անցած տարվա համեմատ դիրքերը բարելավել է 7 հորիզոնականով: 

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

2012-2015 թթ․ ցանցային պատրաստվածության ցուցիչի աճով Հայաստանն աշխարհում առաջատարն է: Անցած տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: Ամենաէական բարելավումն արձանագրվել է ազդեցության բաղադրիչում (+13 կետ):

ՀՏՖ-ի գնահատմամբ` Հայաստանի դիրքերը ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ բավական բարձր են։

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերը պետական օգտագործման հենասյունով, հատկապես պետության՝ էլմասնակցության ցուցիչով, որը նախորդ տարիներին ամենաէական թերությունների շարքին էր դասվում: Առավելությունների թվին են դասվում նաեւ կառավարության էլեկտրոնային ծառայությունների, հեռախոսային կապի եւ համացանցի ոլորտում մրցակցության, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետի սակագների ենթացուցիչները (համապատասխանաբար + 66, +112, +17):

Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական համակարգը, պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաեւ առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների եւ աշխատակազմի վերապատրաստման մակարդակը:

Ցանցային պատրաստվածության վարկանիշով համաշխարհային առաջատարներ են շարունակում մնալ Սինգապուրը, Ֆինլանդիան եւ Շվեդիան:

Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի աղյուսակում ընդհանուր ցուցիչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ադրբեջանի եւ Ղազախստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Ղրղըզստանում (+20): Ադրբեջանը զիջել է իր դիրքերը (-8)՝ զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: Վրաստանն անցած տարվա համեմատ առաջընթաց չի գրանցել: