13:03 | 01.04.15 | Նորություններ | 4071
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգի (MNP) գործարկման առաջին տարվա արդյունքները:
Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության շրջանակում 2014թ. ապրիլի 1-ից մինչեւ 2015թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց է տեղափոխվել 11 350 բաժանորդ:
Ընկերությունում նշել են, որ 2014թ. ընթացքում իրենց բաժանորդային բազան շարունակել է աճել:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է մնում բաժանորդների թվաքանակով (մոտ 2,15 մլն՝ 2014թ. տարեվերջի դրությամբ) եւ հպարտ է առանձնանալ որպես առաջատար՝ բջջային ցանցի ամենաընդարձակ ծածկույթով, շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով, ծառայությունների մատչելի սակագներով, գրավիչ առաջարկներով եւ բաժանորդների սպասարկման բարձր որակով»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը բաժանորդին հնարավորություն է տալիս փոխելու բջջային օպերատորին՝ պահպանելով ընթացիկ հեռախոսահամարը: Ծառայությունը գործարկվել է 2014թ. ապրիլի 1-ին՝ նպատակ ունենալով բաժանորդներին տրամադրել բջջային օպերատորի ընտրության ազատություն:
Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության միջոցով մեկ այլ բջջային օպերատորի անցում կատարած բաժանորդների թիվն արտահոսքի ընդհանուր ցուցանիշի հարաբերականորեն փոքր մասնաբաժին է կազմում, ինչից հետեւում է, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը զգալի ազդեցություն չի ունեցել մրցակցության վրա: