16:51 | 19.02.15 | Նորություններ | 4435

Beeline-ի աջակցությամբ սահմանամերձ գյուղերի երեխաները դասընթացներ կանցնեն «Թումո»-ում

Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական ՀԿ-ի հետ համատեղ հայտարարում է  «Սահմանամերձ գյուղերի երեխաները «Թումո»-ում» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 12 սահմանամերձ գյուղերի երեխաներ կայցելեն Դիլիջանում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ուսումնական կենտրոնում երեխաները կայցելեն անիմացիայի, թվային մեդիայի, խաղերի եւ կայքերի ստեղծման վերաբերյալ դասընթացների:

«Beeline-ը շարունակում է իրագործել սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ուրախ ենք, որ Beeline-ի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաները կունենան նոր եւ ակտուալ գիտելիքներ ստանալու եւս մեկ եզակի հնարավորություն, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սահմանամերձ գյուղում բնակվող յուրաքանչյուր երեխա ծնված օրից սահմանապահ է: Մենք պարտավոր ենք այդ երեխաների համար ստեղծել ուսուցման եւ ժամանցի ավելի բարենպաստ պայմաններ` նրանց կյանքը դարձնելով ավելի երջանիկ»,- ասել է «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի նախագահ Արման Հայրապետյանը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանն էլ նշել է, որ արդեն երկու տարի է, ինչ «Թումոն» գործում է Դիլիջանում եւ շուտով կհասնի Գյումրի ու Ստեփանակերտ:

Ծրագրի գործընկերն է նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: 

Beeline-ը եւ «Հայրենիքի դարպասները» համագործակցում են 2013-ից եւ «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» եւ նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի եւ Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: