09:45 | 18.02.15 | Նորություններ | exclusive 9330

Տաքսի՝ առանց զանգի

Նորագույն տեխնոլոգիաներն օգնության են գալիս շտապող ուղեւորներին: Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում են ստացել մոբայլ հավելվածների օգնությամբ իրականացվող փոխադրման ծառայությունները, որոնք արդեն հասանելի են նաեւ Հայաստանում:

2009թ. ԱՄՆ-ում հիմնադրված Uber-ն այս ծառայության համաշխարհային առաջատարներից է: 2014թ. դեկտեմբերի տվյալներով՝ $40 մլրդ արժողությամբ ընկերության ծառայությունները հասանելի են 53 երկրների ավելի քան 200 քաղաքներում: 

Բայց արի ու տես, որ Uber-ին ու նրա «նմանակներին» ոչ բոլորն են սիրում: Նրանց դեմ շարունակական պայքար են մղում տաքսի ծառայությունները եւ կառավարությունները, որոնց համաձայն՝ Uber-ը փոխադրման ոչ լեգալ ծառայություններ է մատուցում:

Uber-ի բիզնես մոդելը, որը հայտնի է «ուբերիֆիկացիա» (Uberification) անունով, օգտագործվել է մի շարք խոշոր ընկերությունների կողմից, այդ թվում՝ Lyft, Sidecar եւ Haxi:

«Ուբերիֆիկացիա»-ն Հայաստանում կամ ggTaxi

10 հազ. գրանցված օգտատեր, 140 գրանցված ակտիվ վարորդ եւ օրական 150 պատվեր ունեցող ggTaxi-ն առաջինն է սկսել Հայաստանում նմանատիպ ծառայություններ մատուցել:

Շուրջ մեկ տարի գործող ստարտափը մշակվել է «ՋՋ լաբարաթորիզ» ընկերության կողմից:

ggTaxi կարելի է պատվիրել մի քանի եղանակով՝ Android եւ IOS համակարգերով աշխատող հավելվածի, կայքի, ինչպես նաեւ հեռախոսային զանգի միջոցով:

«Հայաստանում տաքսի ծառայությունները հիմնականում ամբողջ քաղաքով սպասարկել չեն կարողանում, այդ պատճառով մենք աշխատում ենք անհատ տաքսիստների հետ: Մենք ցանկանում ենք մարդկանց ուղեղում ամրագրել նաեւ գաղափարը, որ ոչ թե տաքսի կանչեն, այլ gg ավտոմեքենա»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը: 


Խաչատուր Գրիգորյանը

Նրա խոսքով՝ համակարգում գոյություն ունի վարորդների գնահատման համակարգ, եւ եթե ուղեւորը դժգոհ է մնացել որեւէ վարորդի ծառայությունից, ապա բացառվում է, որ երկրորդ անգամ նա տվյալ ուղեւորին սպասարկի:

Խաչատուր Գրիգորյանը կարծում է, որ Երեւանն այսօր տաքսիների տեսանկյունից չափազանց հագեցած շուկա է, եւ իրենք «լավ վարորդներին եւ հաճախորդներին միավորելու խնդիր ունեն»:

Ինչ վերաբերում է մարզերին սպասարկելու հարցին, ապա ըստ նրա՝ խնդիրը կլուծվի ընթացիկ տարում: Հայաստանյան շուկայում զարգանալուց հետո ընկերությունը դիտարկում է նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունը, մասնավորապես՝ Վրաստան, Իրան եւ Ռուսաստան:

Անդրադառնալով ֆինանսավորման խնդիրներին՝ Խաչատուր Գրիգորյանն ասել է, որ Հայաստանում վենչուրային հիմնադրամ-ստարտափ համագործակցության դաշտը դեռ ձեւավորված չէ:

«Ոլորտը կարելի կլինի ձեւավորված համարել միայն այն ժամանակ, երբ այդ հիմնադրամների ներդրած գումարների արդյունքը տեսանելի դառնա: Վենչուրային հիմնադրամները եւս պետք է վստահ լինեն, որ կարող են ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Այսօր այդ վստահությունը չկա, փող ներդնելիս որոշակի վախ կա: Այդ հիմնադրամները պետք է նաեւ կրթեն ստարտափներին, սովորեցնեն, թե ինչպես ներկայանալ պոտենցիալ ներդրողին»,- եզրափակել է նա:

Հ.Գ. Itel.am-ը փորձել է կապ հաստատել Հայաստանում նմանատիպ ծառայություններ մատուցող մյուս ընկերությունների հետ, սակայն չի հաջողվել:

Նարինե Դանեղյան