17:18 | 17.02.15 | Նորություններ | 1661

Պոլիտեխնիկն ու Honeywell ընկերությունը կհամագործակցեն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եւ ամերիկյան Honeywell տեխնոլոգիական ընկերությունն այսօր համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը Պոլիտեխնիկին անհատույց կնվիրի 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր Honeywell-ի UniSimTM Design Suite ծրագրային ապահովման շարքից։ Դրանք բարելավում են օնլայն եւ օֆլայն նախագծման մոդելավորումն ու միավոր գործընթացի ծրագրերի օպտիմալացումը, օգնում են ճշտել աշխատանքային գործընթացը, սարքավորումների պահանջարկը։ Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել եւ փոխանցել գիտելիքներ տեխնոլոգիական գործընթացի, գործարանի շահութաբերության աճի վերաբերյալ՝ առավելագույնի հասցնելով մոդելավորման ներդրումներից ստացվող հասույթը։

Այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են հետագայում աշխատել Honeywell-ի հետազոտական կենտրոններում

«Այս ծրագրերի շնորհիվ մեր բուհում գործող ՏՏ ոլորտի ամբիոնների աշխատակիցների աշխատանքները կներդրվեն արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ քիմիականը, լեռնամետալուրգիականը, մեքենաշինականը եւ այլն»,- ասել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը։

«Ընկերության ներկայությունը տարբեր երկրներում առաջին հերթին բուհերի հետ համագործակցությունն է»,- նկատել է Honeywell-ի ռուսաստանյան ներկայացուցչության փոխնախագահ, տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Սորկինը:

Honeywell-ը առաջարկում է տարբեր կառույցների, տների, արդյունաբերության բոլոր ճյուղերի էներգախնայողության եւ ավտոմատացման խնդիրների լուծումներ։