16:16 | 17.02.15 | Նորություններ | 3346

Բրիտանական ֆիլմերի պաստառների մրցույթ՝ Beeline-ի աջակցությամբ

Beeline-ը, Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարում են փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթ։

Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած պաստառներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է պատրաստել եւ ներկայացնել փառատոնի ֆիլմերին առնչվող պաստառ: Պաստառները հարկավոր է ուղարկել Arevik.Badalyan@britishcouncil.am հասցեին մինչեւ փետրվարի 28-ը:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի եւ Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ՝ փոխելով նրանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ մրցույթին մասնակցությունը եւ բրիտանական կինոարվեստի հետ ծանոթությունն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր երիտասարդների մտահորիզոնը եւ կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ավանդաբար փառատոնի շրջանակում հայտարարվում են մրցույթներ, որոնց շնորհիվ հանդիսատեսն ակտիվորեն ներգրավվում է փառատոնի միջոցառումներին: Այս տարի եւս ավանդույթը կշարունակվի եւ հուսով ենք, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ոչ միայն բրիտանական ժամանակակից կինոյի լավագույն ֆիլմերը, այլեւ իր ներդրումը կունենա փառատոնի գաղափարի տարածման գործում»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին եւ նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնին ցուցադրվում են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» եւ «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։