Հայազգի գործարար Արմեն Ղուլինյանը
11:32 | 17.02.15 | Նորություններ | 899
Հայազգի գործարար Արմեն Ղուլինյանը ստեղծել է Pladform համակարգը, որի օգնությամբ պայքարում է համացանցի ռուսական հատվածում («ռունետ») ցանցահենության դեմ:
Pladform փլեյերը տեսանյութերի սեփականատերերին հնարավորություն է ընձեռում դրանք օրինական ճանապարհով ցուցադրել տարբեր կայքերում եւ գումար վաստակել:
Ռուսական RBC-ի հետ զրույցում Արմեն Ղուլինյանը պատմել է, որ Pladform-ը կարողանում է նաեւ հայտնաբերել անօրինական տեսանյութերը, այդ մասին տեղակացնել դրանց հեղինակային իրավունքի սեփականատերերին եւ անօրինական տարբերակը փոխարինել օրինականով:
Pladform-ի բետա տարբերակը գործարկվել է 2012թ. նոյեմբերին: 2013թ. վերջին մի շարք ընկերություններ եւ անհատներ սկսել են ընկերությունում ներդրումներ անել:
Ընկերության գլոբալ նպատակներից է համագործակցել «ռունետի» բոլոր այն կայքերի հետ, որոնք արդեն իսկ ունեն տեսանյութերի բաժին կամ նման բաժին ստեղծելու նպատակ:
Արմեն Ղուլինյանը որպես Pladform-ի գլխավոր առավելություն նշում է կոնտենտի մատակարարման սեփական հարթակի բացակայությունը:
«Մեզ մոտ շահերի բախում գոյություն չունի: Զբաղվել մատակարարմա՞մբ, թե՞ զարգացնել սեփական հարթակը. որոշում է գործարարը: Եթե վիդեոհարթակը չունի բացառիկ կոնտենտ կամ իրավունքներ այս կամ այն տեսանյութի դեպքում, ապա մատակարարը, ամենայն հավանականությամբ կընտրի մեր հարթակը»,- ասել է նա:
Pladform-ի հեղինակները կոնտենտի սեփականատիրոջ համաձայնությամբ երբեմն տեսանյութերից հատվածներ են առանձնացնում եւ տեղադրում՝ այդպիսով տվյալ տեսանյութի համար ավելի շատ դիտումներ ապահովելով:
Ներկայում Pladform փլեյերը տեղադրված է ավելի քան 2500 կայքում (woman.ru, muz-tv.ru, afisha.mail.ru, Fishki.net, «Имхонет», «ВКонтакте», «Мой мир», «Одноклассники»), որոնք ապահովում են հարթակի դիտումների շուրջ 40%-ը:
Արմեն Ղուլինյանի խոսքով՝ Pladform-ը պայմանագրեր ունի ավելի քան 50 սեփականատերերի հետ: Օգտատերերի շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում են սերիալները եւ հումորային հաղորդումները:
Էլեկտրոնային հաղորդակցության ռուսական ասոցիացիայի տնօրեն Սերգեյ Պլուգոտարենկոն նշել է, որ Pladform-ը «ռունետում» ցանցահենության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է: Նրա խոսքով՝ օրինական մեդիաբովանդակությամբ նման հարթակների ստեղծումը դրական միտում է:
2014թ. դեկտեմբերին հարթակը սկսել է գումար վաստակել նաեւ ԱՊՀ երկրների դիտումների հաշվին:
Մինչ 2015թ. աշնանային եթերաշրջանի մեկնարկը Pladform-ը նախատեսում է իր համակարգի միջոցով դիտումների թիվը հասցնել ամսական մինչեւ 300-400 մլն-ի: