12:31 | 13.02.15 | Նորություններ | 1320

Տեխնոլոգիական ոլորտի 31 թիմ կպայքարի դրամաշնորհի համար

Երեւանից, Վանաձորից եւ Գյումրիից տեխնոլոգիական ոլորտի 31 թիմ մասնակցում է այսօր մեկնարկած երկօրյա համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նախագծերի ներկայացման փուլին:

Մրցույթը կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Թիմերը մրցելու են 3 տեսակի դրամաշնորհներ ստանալու համար. նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի հաղթողները կստանան 50% համաֆինանսավորում, Գյումրիի համաֆինանսավորվող դրամաշնորհները՝ 85% համաֆինանսավորում: Նույնքան կստանան նաեւ Վանաձորի դրամաշնորհի հաղթողները:

Դրամաշնորհի գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը $10 հազ., իսկ առավելագույնը՝ $50 հազ.։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տեւողությունը 1 տարի է:

«Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանը Հայաստանում՝ նպաստելով հատկապես կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում եւ Վանաձորում»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Արդեն 2-րդ անգամ իրականացվող մրցույթը կազմակերպում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Համաշխարհային բանկը՝ «Էլ. հասարակության եւ մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: