11:19 | 13.02.15 | Նորություններ | 861

Facebook-ն օգտահաշիվները ժառանգելու գործառույթ է ներդրել

Facebook-ն այսուհետ «կտակ» թողնելու հնարավորություն է ընձեռում, որը սահմանում է օգտատիրոջ մահվանից հետո օգտահաշիվը տնօրինելու պայմանները:

«Երբ մարդը մահանում է, նրա օգտահաշիվը վերածվում է նրա կյանքի, ընկերների եւ տպավորությունների մասին հիշողության»,- ասված է Facebook-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում:  

Կտակը հնարավորություն է ընձեռում օգտահաշվի օգտագործումը հանձնել մահացածի ընտանիքի անդամներից մեկին կամ ընկերոջը: Եթե որեւէ մեկը հաղորդում է, որ օգտատերը մահացել է, ապա մահացածի էջը ստանում է հատուկ կարգավիճակ:

Օգտահաշվի ժառանգորդը կարող է ժամանակագրական նշումներ կատարել օգտահաշվում (օրինակ, նշել մահվան ամսաթիվը), ինչպես նաեւ ընդունել նրա ընտանիքի այն անդամների ընկերանալու հրավերները, որոնք օգտատիրոջ կենդանության օրոք չեն հասցրել ընկերանալ նրա հետ:       
         
Բացի այդ, օգտահաշվի ժառանգորդը կարող է փոխել գլխավոր լուսանկարները: Ժառանգորդը, սակայն, չի կարողանա հանգուցյալի օգտահաշիվ մուտք գործել նրա էլփոստի հասցեով եւ գաղտնաբառով, ինչպես նաեւ կարդալ նրա նամակագրությունը:

Օգտատերը կենդանության օրոք կարող է ընտրել նաեւ հատուկ գործառույթ, որը նրա մահից հետո կջնջի օգտահաշվի բոլոր տվյալները:

Օգտահաշիվը կտակելու համար պետք է մուտք գործել Settings, այնուհետ Security բաժինը եւ ընտրել Legacy Contact կոճակը: