17:12 | 12.02.15 | Նորություններ | 4704

Beeline-ը Երեւանում գործարկել է FTTB օպտիկամանրաթելային ինտերնետը

Beeline-ը Երեւանում գործարկել է Fiber to the building (FTTB) տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետը:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան: 

«Երեւանում օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկումը նշանակալի իրադարձություն է մեզ համար, որին նախորդել են մեծ ներդրումներ եւ ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքներ: Հայաստանում Beeline-ի թիմը հիմնավորապես պատրաստվել է ծառայության գործարկմանը, որն ուղղված է փոխելու Հայաստանում ինտերնետի շուկան` նրան զարգացման նոր խթան տալով: Այսօր Beeline-ը Հայաստանի ինտերնետի շուկայի բացարձակ առաջատարն է՝ մի քանի տարի առաջ ներդրված ADSL տեխնոլոգիայի շնորհիվ: Մենք մտադիր ենք եւս մեկ անգամ ապացուցել մեր առաջատարությունն ու կրկին հանդես գալ որպես ոլորտի զարգացման առաջատար»,- ասել է Անդրեյ Պատոկան:

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 եւ 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 եւ 13000 դրամ: 

««Beeline ինտերնետ» նոր ծառայությունը մշակելիս մենք հիմնվել ենք ոչ միայն որակի եւ ցածր գնի, այլ նաեւ, իհարկե, մեր հաճախորդների համար պարզություն եւ հարմարվետություն ապահովելու վրա։ Բաժանորդները ոչ միայն կստանան որակյալ գերարագ ինտերնետ եւ IP-հեռուստատեսություն, այլ նաեւ ինտերնետի պահուստային ալիք` խորհրդանշական վճարի դիմաց»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այսօրվա մամլո ասուլիսին տեղի է ունեցել նաեւ «Beeline ինտերնետ» ծառայության առաջին բաժանորդի պարգեւատրումը, որը ստացել է մեկ տարի ժամկետով անվճար բաժանորդագրություն 70 մբ/վրկ արագությամբ «Beeline ինտերնետ» սակագնային փաթեթին եւ բջջային ինտերնետին:

Սկզբնական փուլում ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների, ինչպես նաեւ Ավան թաղամասի բնակիչներին: