16:02 | 12.02.15 | Նորություններ | 3643
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink ՀԿ-ի ներկայացուցիչ նեոնատոլոգ Արշակ Ջերջերյանն այցելել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի ծննդատուն:
Ծննդատանը տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ՝ տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք, դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաեւ երակային ներարկման պոմպ:
Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը եւ աջակցությունը:
«Կյանքի խորհուրդներից մեկը ժառանգ ունենալն է, որին փոխանցում ես քո արժեհամակարգը, ուղղություն ես ցույց տալիս նրան, նպաստում ես, որ զավակդ հասարակության արժանի անդամ դառնա` հետագայում այդ ամենն արդեն իր ժառանգին փոխանցելու համար: Սա է յուրաքանչյուր ընտանիքի երազանքը, եւ դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ծանր ապրումներ են ունենում այն ծնողները, ում երեխան առողջական խնդիրներով է ծնվում: Նման դեպքերում շատ բան կախված է ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունից: Սակայն, նույնիսկ ամենաբարձր որակավորմամբ բժիշկը կարող է անզոր լինել, եթե իր տրամադրության տակ չլինեն համապատասխան սարքավորումներ: Անհեթեթ կլինի, եթե երեխայի կյանքը չհաջողվի փրկել` անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով միայն: BirthLink-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակը հենց այդ ռիսկերի կրճատումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի լրանում է BirthLink ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության յոթերորդ տարին: Ծրագրի շրջանակում Երեւանի 12 եւ Հայաստանի 7 մարզերի 23 նորածնային բաժանմունք ստացել են նորածնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է մոտ 535 մլն դրամ: