Վարդան Մելիքսեթյանը
13:10 | 12.02.15 | Նորություններ | exclusive 3388
Հայ մասնագետների մշակած աչքի վերականգնողական խաղը նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այն կօգնի նրանց կանխել տեսողության հետագա վատթարացումը:
Eye Motion ստարտափի հիմնադիրը խաղեր նախագծող Վարդան Մելիքսեթյանն է:
Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ինքը եւս տեսողության խնդիր ունի՝ կարճատես է: Կլինիկա այցելելու եւ երկարատեւ բուժման համար ժամանակ չունենալով՝ որոշել է խնդրին այլընտրանքային լուծում գտնել:
Հենց այսպես էլ ծագել է խաղի ստեղծման գաղափարը:
«Ամենասկզբում փորձեցի նմանատիպ խաղեր գտնել եւ հասկանալ, թե ինչ ճանապարհով են դրանք հասել հաջողության: Արդյունքում եկա այն եզրահանգման, որ Eye control կամ Eye tracking սարքերը շատ քիչ են: Պատկերացրեք 20 րոպեն մեկ համակարգչի առաջ նստած մարդը մի քանի րոպեով միացնում է խաղը: Արդյունքում աչքերը հանգստանում են, եւ դրան գումարած տեսողության վատթարացման գործընթացը կանգ է առնում: Պարբերաբար օգտագործելու դեպքում հնարավոր է անգամ դրական արդյունքի հասնել»,- ասել է Վարդան Մելիքսեթյանը:
Նրա խոսքով՝ խաղը սկզբում մտադիր են գործարկել աչքի կլինիկաներում, իսկ ավելի ուշ հասանելի դարձնել բոլորին: Ըստ նրա՝ գործընթացը փոքր-ինչ բարդանում է այն պատճառով, որ կապված է առողջության հետ, եւ առանց բժշկի խորհրդի հնարավոր չէ առաջ գնալ:
Ներկայում EyeMotion-ի 4-հոգանոց թիմը պարբերաբար հանդիպում է բժիշկների հետ, լսում նրանց կարծիքներն ու դիտողությունները: Բանակցություններ են ընթանում խաղը Երեւանի աչքի կլինիկաներում թեստավորելու ուղղությամբ: Ի դեպ, կլինիկաներից մեկն արդեն դրական պատասխան է տվել, եւ խաղը մեկ տարի շարունակ այնտեղ թեստավորում կանցնի:
«Կլինիկաներում օգտագործվող աչքի վերականգնման հին խաղերն այնքան էլ հետաքրքիր չեն, հատկապես երեխաների համար: Eyemotion-ն առաջարկում է հետաքրքիր խաղ եւ դրան գումարած՝ առողջություն»,- ասել է Վարդան Մելիքսեթյանը՝ հավելելով, որ ներկայում աշխատում են խաղի տարբեր տեսակներ ստեղծման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման հնարավորություններին, Eye Motion-ի հիմնադիրը նշել է, որ մի շարք արտասահմանյան ընկերություններ հետաքրքրված են նախագծով: Սփյուռքահայ ներդրողներ եւս հետեւում են թիմի զարգացմանը:
«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում շուրջ 285 մլն մարդ տեսողական խնդիր ունի: Հսկայական շուկա ունենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում մոտ 3000 աչքի կլինիկա է գործում: Այստեղ թեստավորումն ավարտելուց հետո դուրս կգանք միջազգային շուկա»,- ասել է Վարդան Մելիքսեթյանը:
Ծրագիրը մշակվել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամի կազմակերպած «ՄԻԿ աքսելերացիա» ծրագրի շրջանակում, որին մասնակցում է 8 թիմ: