16:54 | 23.01.15 | Նորություններ | 4528
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink ՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն այցելել են Աբովյան քաղաքի ծննդատուն:
Ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների առաջնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ. տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք, դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաեւ երակային ներարկման պոմպ: Մարզային ծննդատներին տրամադրված բուժսարքավորումների եւ սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը՝ հնարավորություն ընձեռելով մայրերին մնալու երեխայի կողքին:
«Արդեն յոթ տարի Հայաստանում շարունակվում է նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը: Դրա արդյունավետության մասին է փաստում նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը: BirthLink ՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի` մենք կարողացել ենք վերազինել Երեւանի եւ մարզերի մի շարք ծննդատներ, ինչպես նաեւ՝ կազմակերպել ոլորտի մասնագետների վերապատրաստում` բարդությունների եւ հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու եւ նորածինների կյանքը փրկելու համար: Այս ծրագիրն ապացուցել է իր կարեւոր նշանակությունը: Չի կարելի լինել անտարբեր եւ մնալ դիտորդի դերում, երբ խոսքը մանկան կյանքին է վերաբերում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը եւ աջակցությունը:
Այս տարի լրանում է BirthLink ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը եւ նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008թ. եւ մինչ այժմ ընդգրկել է Երեւանի 12 եւ Հայաստանի 7 մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ: